ԵԽ պաշտոնյաներին է ներկայացվել ՀՀ-ում դեղերի գրանցմանն առնչվող «Ուժեղ Հայաստանի» առաջարկած նախագիծը

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Մարիաննա Ղահրամանյանը եվրոպացի գործընկերներին ծանոթացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներին։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է դյուրացնել Եվրոպական միության անդամ պետություններում համապատասխան փորձաքննություն անցած և պաշտոնապես գրանցված դեղամիջոցների՝ ՀՀ-ում ճանաչման ընթացակարգը։

Մարիաննա Ղահրամանյանի խոսքով` օրինագծի ընդունումը կնպաստի բնակչությանը որակյալ և մատչելի դեղերով ապահովելու գործընթացի բարելավմանը։

Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման, այլև եվրոպական չափանիշների ներդրման և եվրոպական ինտեգրման տեսանկյունից։

Քրիստեան Շիմեկը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և նշել, որ նախագծի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցի դեղերի որակի և գրանցման խնդիրներով զբաղվող ԵԽ համապատասխան մարմիններին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը, անդրադարձել են Հայաստանում իրականացվող ոլորտային ծրագրերին։

Ավելի վաղ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն, որտեղ կենտրոնի տնօրենի հետ քննարկելու են Հայաստանում եվրոպական դեղամիջոցների հասանելիության խնդիրը։

Նրա խոսքով՝ գործող սահմանափակումների պատճառով հայկական դեղատներում եվրոպական բարձրորակ դեղերի մեծ մասը չի վաճառվում։ Կարապետյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գրանցված է շուրջ 3000 անուն դեղ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ թիվը հասնում է մինչև 25 հազարի։

Leave a comment