ՌԴ-ից ժանտախտի ներթափանցումը կանխելու հանձնաժողովն առաջին նիստն է գումարել (PAN.am)

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խորհրդակցական հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել է ՌԴ Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերումը և տարածումը կանխարգելելու հարցը։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը տեղեկացրել է, որ գերատեսչությունը շարունակական հաղորդակցության մեջ է «Ռոսպոտրեբնադզորի» և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ հետևելով իրավիճակի զարգացումներին, հայտնում է Արմենպրեսը:

«Համաձայն ստացված տեղեկատվության՝ իրավիճակը վերահսկողության ներքո է։ Ընթացիկ թարմացումների մասին պատշաճ կերպով կտրամադրվի տեղեկատվություն: Ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկվեն համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ: Թարմացվող տեղեկությունների և իրադարձությունների մասով շարունակում ենք իրականացնել մոնիթորինգ»,- ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը:

Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու՝ «Ռոսպոտրեբնադզորի» հակաժանտախտային ծառայության աշխատակցի մոտ մահ է արձանագրվել՝ ժանտախտի թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալացվել է մոտ 200 մարդ, որոնք շփում են ունեցել տվյալ անձի հետ։ Նախնական վարկածի համաձայն՝ վարակումը կարող էր տեղի ունենալ լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով, երբ կոտրվել է ժանտախտի հարուցիչ պարունակող սրվակը։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես չի հաստատվել, իսկ լաբորատոր հետազոտությունները շարունակվում են։

Leave a comment