Իմ սկզբունքներն իմ երգերի մեջ դրված են. Ռուբեն Հախվերդյանը՝ ներկայում հնչող երաժշտության, իր երգերի և նոր սերնդի մասին

Իմ սկզբունքներն իմ երգերի մեջ դրված են. Ռուբեն Հախվերդյանը՝ ներկայում հնչող երաժշտության, իր երգերի և նոր սերնդի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես Մոցարտի, Բախի, Բեթհովենի երաժշտության տակ եմ մեծացել, հիմա դրա ժամանակը չունեն,աղբ են լսում և դա գալիս է կենցաղից»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Հախվերդյանի խոսքով՝ սիրում է ցույց տալ մեդալի երկու կողմը. «Երգ գրելն ինձ համար բանաձև է, եթե ես կարողացա այդ բանաձևը լուծել՝ գոհ եմ մնում ինձնից:  Իմ երգերից ոչ մի երգ չեմ սիրում, այն մարդը, որ իր ստեղծագործությունը սիրեց, ուրեմն վերջացած մարդ է, միշտ մտածում ես, որ ավելի լավ բան կարող էիր գրել: Ես թեմայով երգ չեմ գրում, երգը թեմա չի, երգը բառ է, ես ինձ արհեստավոր եմ համարում: Հիմա համերգներ եմ տալիս, փոքր տեղերում եմ սիրում ելույթ ունենալ: Մենք քաղաքային երգ չենք ունեցել, քաղաքային երգի հիմնադիրներից մեկը ես եմ: Մեր կուլտուրան Արևմտյան Հայաստանից է գալիս։ Մեր եկեղեցիները, որ ներկայանցում են մեր ժողովուրդին, ուրիշ հանճարեղ բան մենք չունենք եկեղեցուց բացի»:

Անդրադառնալով ներկայումս պահանջարկ ունեցող երգերին՝ Հախվերդյանը նշեց. «Եթե 1915 թվականին նման երգեր երգեին, թուրքերը մեզ չէին կոտորի: Մակերեսային սերունդ է մեծանում:  Մի երգչուհու ասում եմ՝ «Գանձերի կղզի»-ն կարդացել ես, ասում է՝ չէ, հետո ասում է՝ ինչու եք նման հարց տալիս, ասում եմ, եթե ինտելեկտ չունես՝ ի՞նչ ես երգում: Եթե բարձրացել ես բեմ, ուրեմն ասելու բան պետք է ունենաս: Մեր մոլորակի վրա մի ընդհանուր դժբախտություն կա, առաջվա նման խորը երգիչներ չկան հիմա, մտածող երգեր չկան»:

Հախվերդյանի կարծիքով՝ նոր սերունդը գիրք չի կարդում, ինչը վատ է: Ըստ երգչի՝ աղջիկները զարգացել են, տղաները հետ են մնացել, շատացել են մեծ մեքենաների թիվը, իսկ  Եվրպայոմ չի տեսել մեկին, թեկուզ   միլիոնատերեր, որ նման մեծ մեքենաներ վարեն։

Խոսելով հասարակության մեջ ատելության խոսքի տարածման մասին՝ Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Չարությունը պետք է լինի ինքդ քո նկատմամբ, ոչ թե դիմացինիդ, որովհետև բոլոր սխալները գալիս են նախ և առաջ քեզնից: Կյանքը քեզ չի հարցնում, կողքովդ գնում է, պետք է ուղղակի ազնիվ լինես քո նկատմամբ: Եթե մարդն իր սկզբունքներին դավաճանում է, նա արդեն թույլ մարդ է, իմ սկզբունքներն իմ երգերի մեջ դրված են: Մարդն իր գործողություններով է երևում՝ ով է, իսկ բացարձակ երջանիկ ապուշներն են լինում»,-ասաց նա և պատմեց, որ ոչ մի իշխանության հետ չի համագործակցել, թեև բոլոր իշխանության ժամանակ էլ առաջարկներ ստացել է։

«Ես հմա 20 միլիոն փող կունենայի, եթե ասեմ ինչեր են ինձ առաջարկել բոլոր ղեկավարները՝ սկսած  Լևոն Տեր Պետրոսյանից, բայց ասել եմ՝ ձրի պանիրը թակարդում է»,-ասաց նա և պատմեց, որ նույնիսկ մեկ անգամ քաղաքական էլիտայի հետ ստիպված հայտնվել էր մի սեղանի շուրջ, սակայն ոչինչ չի օգտվել և պատճառաբանել է, թե ծոմի մեջ է։ «Որովհետև ինձ չի կարելի իրենց հետ նույն հացը ուտել, դա իմ սկզբունքն է, որ գիշերը հանգիստ քնեմ, հիմա իմ առողջությունն է կարևո՞ր, թե որ մի շենք ունենամ»,-ասաց նա։

Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ իր հինգ ընկերոջից միայն մեկն է ողջ, այն էլ առողջական խնդիրներ ունի, իսկ երգիչների մեջ մտերիմներ չունի, բայց սիրում է Ֆորշի երգերը, թեև ընկերը չէ: «Այս տարիքում կյանքն անհետաքրքիր է»,-ասաց նա և նշեց, որ ինքը ևս որոշ առողջական խնդիրներ ունի։

Ինչ վերաբերում է խմիչքի նկատմամբ իր սիրուն, Հախվերդյանը նշեց․«Ես խմում եմ, քանի որ սովետի ժամանակ չէին թողնում երգել, արգելված էին բեմադրություններս, ու ես խմում էի դրա համար, խմում եմ, որ ուղեղս անջատեմ»,-ասաց նա։

Leave a comment