Microsoft Corp.-ի տեսախաղերի և խաղային կոնսոլների բիզնեսը՝ Xbox-ը, նոր ստորաբաժանում է ստեղծում, որը կզբաղվի ընկերության խաղային ֆրանշիզաների զարգացմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կինոն և հեռուստատեսությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
XP անվանումը ստացած նոր ստորաբաժանումը նպատակ ունի ընդլայնել Xbox-ի խաղերի լսարանը և ամրապնդել կապը դրանց երկրպագուների հետ, հայտնել է ընկերությունը։ Այն կղեկավարի Քեյլին Ուոլթերսը, որը նախկինում զբաղեցնում էր Xbox-ի կազմում գործող՝ Minecraft խաղի մշակմամբ զբաղվող Mojang ստուդիայի նախագահի պաշտոնը։ Minecraft-ը Microsoft-ի կարևորագույն խաղային ֆրանշիզաներից մեկն է։
Նոր ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղություններից մեկը կինոյի և հեռուստատեսության ոլորտում ընկերության գործունեության հետագա զարգացումն է՝ նպատակ ունենալով Xbox-ի խաղերի աշխարհներն ու կերպարները ներկայացնել նոր լսարանին։ Xbox-ի համանուն տեսախաղերի շարքի հիման վրա նկարահանված «Ֆոլաութ» (Fallout) սերիալը մեծ հաջողություն է ունեցել Amazon Prime Video հարթակում, և վերջերս հայտարարվել է դրա երրորդ եթերաշրջանի նկարահանման մասին։
Xbox-ի հաղորդմամբ՝ նոր ստորաբաժանումը կզբաղվի նաև սպառողական ապրանքների ուղղությամբ աշխատանքով, բովանդակություն ստեղծողների և ապրանքանիշերի հետ գործընկերային համագործակցությամբ, ինչպես նաև միջոցառումների կազմակերպմամբ և հեռարձակումներով։
2026 թվականի ամռանը Microsoft-ի ղեկավարությունը հայտարարել էր Xbox-ի աշխատակիցների թվի
շուրջ 20%-ով կրճատման, ինչպես նաև թողարկվող խաղերի քանակի նվազեցման մասին։ Այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ այս բիզնեսը դժվարություններ է ապրում և վերակազմավորման կարիք ունի։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։