Միացյալ Թագավորության ոստիկանությունը ձերբակալել է Լատվիայի երկու քաղաքացու՝ Կեմբրիջշիրում երկրի ռազմաօդային ուժերի (RAF) Molesworth ռազմակայան ապօրինի մուտք գործելու կասկածանքով, հայտնել է «Sky News»-ը։
Ռազմակայանում տեղակայված են Եվրոպայում և Աֆրիկայում գործողությունների համար պատասխանատու ԱՄՆ ռազմական հետախուզության կենտրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ՆԱՏՕ-ի հետախուզական շտաբը։
Ըստ հեռարձակողի՝ ռազմական ոստիկանության պարեկը ռազմակայանի մոտակայքում հայտնաբերել է լքված տրանսպորտային միջոց, իսկ այնուհետև նկատել պարագծային ցանկապատի վնասված հատված։ Հինգշաբթի գիշերը ռազմակայանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են 36 և 32 տարեկան երկու տղամարդ պարագիծը խախտելու կասկածանքով։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածները Լատվիայի՝ Մեծ Բրիտանիայում բնակվող քաղաքացիներ են։
Ոստիկանությունը հայտնել է, որ տրանսպորտային միջոցի հայտնաբերման կապակցությամբ դեպքի վայր են կանչվել պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետներ՝ նախնական ստուգումներ իրականացնելու նպատակով, նախքան մեքենան կտեղափոխվեր մանրակրկիտ զննման։ Հետաքննությունը վարում են ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները։
Սկզբում տղամարդիկ ձերբակալվել էին պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելու և քրեորեն պատժելի վնաս պատճառելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել «Ազգային անվտանգության մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝ «արգելված վայր մուտք գործելու համար՝ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը կամ շահերին վնաս հասցնող նպատակով»։
Երկու տղամարդիկ էլ մնում են կալանքի տակ, և նրանց հարցաքննում են քննիչները։ «Մինչ մենք գնահատում ենք անվտանգության ընդհանուր իրավիճակը, ԱՄՆ ուժերը պահպանում են մարտական պատրաստականության ամենաբարձր մակարդակը։ Մենք նաև ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Մեծ Բրիտանիային՝ անվտանգության հարցերում ԱՄՆ զինվորականների հետ սերտ համագործակցության համար», – հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության խոսնակը։
Լոնդոն Ավելի ուշ ձերբակալվածներն ազատ են արձակվել գրավի դիմաց ապացույցների բացակայության պատճառով։
«Տվյալ միջադեպի առնչությամբ իրականացվող հետաքննությունը դեռևս նախնական փուլում է։ Դրա կարևոր մասերից մեկը տվյալ անձանց՝ դեպքի վայրում գտնվելու հնարավոր դրդապատճառների պարզումն է, սակայն պետք է ընդգծեմ, որ մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր վարկածները, և հետաքննչական աշխատանքները շարունակվում են», – ասել է Ֆլանագանը։