Մեծ Բրիտանիայում արտակարգ պատահար է գրանցվել․ Լատվիայի երկու քաղաքացիներ ապօրինի ներխուժել են Կեմբրիջշիրի կոմսությունում գտնվող «Molesworth» ռազմաօդային բազայի փակ տարածք։ Այդ օբյեկտում տեղակայված են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետախուզական ստորաբաժանումները։ Բրիտանական պահպանության ծառայությունը ձերբակալել է 32 և 36 տարեկան տղամարդկանց, ովքեր, ըստ ոստիկանության տվյալների, Լատվիայի քաղաքացիներ են և բնակվում են Մեծ Բրիտանիայում։
Միջադեպի մանրամասների համաձայն՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան անվտանգության աշխատակիցները ռազմաբազայիցոչ հեռու հայտնաբերել են լքված ավտոմեքենա, իսկ օբյեկտի ցանկապատի վրա նկատվել է փոքր կտրվածք։ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանության ստորաբաժանումից հայտնել են, որ ձերբակալված անձինք ռազմական օբյեկտ են թափանցել «Միացյալ Թագավորությանը վնաս պատճառելու նպատակով»։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է ծավալուն քննություն։
Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ առայժմ որևէ ուղղակի փաստ չի մատնանշում այս դեպքի կապը սեպտեմբերին «Fairford» ռազմական օբյեկտում տեղի ունեցած աղմկահարույց պատահարի հետ։ Այն ժամանակ տեղի բնակչի ահազանգից հետո ոստիկանությունը բազայի մոտակայքում հայտնաբերել էր վառելիքով լցված երեք ֆուրգոն, ինչից հետո տարածքը շրջափակվել էր, իսկ հարակից գյուղի բնակիչները՝ էվակուացվել։ Այդ գործով ձերբակալվել էին Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացիներ և Բրիտանիայի ու Իրանի երկքաղաքացիություն ունեցող մեկ անձ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել գրավի դիմաց։ Նշված միջադեպից հետո ԱՄՆ-ն որոշում էր կայացրել «Fairford» բազայից տեղափոխել ամերիկյան B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները։