Freddie Mac-ի տվյալների համաձայն՝ անցած շաբաթ 30-ամյա ֆիքսված տոկոսադրույքով հիփոթեքի միջին տոկոսադրույքը կազմել է 7.28%՝ հասնելով 2023 թվականի նոյեմբերի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Մեկ շաբաթվա ընթացքում տոկոսադրույքն աճել է 0.25 տոկոսային կետով, ինչը վերջին ավելի քան չորս տարվա ընթացքում շաբաթական կտրվածքով ամենամեծ աճն է, ընդգծում է The Hill-ը։
Հիփոթեքային տոկոսադրույքների աճը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Թրամփի և հանրապետականների համար, կարծում է պարբերականը․ գնաճը շարունակում է գերազանցել 3%-ը, իսկ Իրանի հետ պատերազմի ֆոնին վառելիքի գները մնում են բարձր։
Փորձագետները The Hill-ին ներկայացրել են մի քանի պատճառ, թե ինչու են հիփոթեքային տոկոսադրույքները բարձրացել 7%-ից։ ԱՄՆ Ռիելթորների ազգային ասոցիացիայի գլխավոր տնտեսագետ Լոուրենս Յունը նշել է, որ Իրանի հետ հակամարտության ֆոնին էներգակիրների գների աճը հանգեցրել է գնաճի արագացման։ Կայուն գնաճը ստիպել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին նախորդ ամիս բազային տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով։
Zonda և NewHomeSource ընկերությունների գլխավոր տնտեսագետ Ալի Վոլֆը նույնպես The Hill-ին տված մեկնաբանությունում նշել է պետական պարտքի աճի վերաբերյալ ներդրողների մտահոգությունը, որը հանգեցրել է պարտատոմսերի վաճառքի և դրանց եկամտաբերության հետագա աճի։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը սերտորեն կապված է 30-ամյա հիփոթեքի տոկոսադրույքների հետ, անցած շաբաթ հասել է 24 տարվա առավելագույնին և շարունակում է գերազանցել 5.25%-ը։ Իրանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր այն աճել է մոտ 1.3 տոկոսային կետով։
«Բացի այդ, դաշնային բյուջեի արագ աճող պակասուրդը կլանում է մասնավոր խնայողությունների ավելի ու ավելի մեծ մասը՝ հիփոթեքային շուկայի համար թողնելով ավելի քիչ կապիտալ», – The Hill-ին ուղղված էլեկտրոնային նամակում նշել է Յունը։
Իր վերջին նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել էր նվազեցնել հիփոթեքային տոկոսադրույքները՝ հայտարարելով, որ իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում դրանք կարող են նվազել մինչև 3%։