ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունն «անհավատալի» կլիներ, և Վաշինգտոնը երբեք չէր կարող թույլ տալ նման բան։ Այս մասին նա ասել է հունական Karimerini թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա՝ Աթենք կատարած այցից հետո։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կմիջամտի, եթե Թուրքիայի հետ լարվածությունն Էգեյան ծովում կամ Կիպրոսի շուրջ վտանգավոր դառնա, Ռուբիոն պատասխանել է․ «Ինձ համար նման բան տեղի ունենալն անհավանական կլիներ։ Նրանք ՆԱՏՕ-ի երկու դաշնակից և գործընկեր են, ուստի նման բան պարզապես չի կարող տեղի ունենալ»։

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները հնչել են այն պայմաններում, երբ Անկարան և Աթենքը շարունակում են տարաձայնություններ ունենալ Հունաստանն ու հունական Կիպրոսը միացնող էլեկտրական մալուխի՝ Great Sea Interconnector-ի շուրջ, իսկ Թուրքիան փորձում է վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին, փոխանցում է Turkiye today-ը։

Հունաստանի և Թուրքիայի միջև բախումը «ոչ ոքի համար լավ չի լինի»

«Դա ոչ ոքի համար լավ չի լինի՝ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Հունաստանի, ո՛չ էլ նույնիսկ Միացյալ Նահանգների համար։ Ես կասեի, որ դա ինձ համար անհավանական բան է, մի բան, որը մենք երբեք թույլ չէինք տա, և որը, կարծում եմ, տեղի չի ունենա»,- ասել է Մարկո Ռուբիոն։

Հարցին, թե հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական կապերը՝ հնարավո՞ր է, արդյոք, ԱՄՆ-ի միջնորդությունը, Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Թուրքիայի հետ։

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մենք ներդրումներ ենք կատարել և, հնարավոր է, այդ ներդրումը մեզ օգնի այս քննարկումների հարցում»,- ասել է նա։

Ռուբիոն՝ F-35-երի մասին․ Թրամփը ցանկանում է մատակարարումների իրականացում, սակայն C-400-ը խոչընդոտ է

Ռուբիոն, որը սենատոր եղած ժամանակ աջակցել էր «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքին (CAATSA), ասել է, որ Թրամփը ցանկություն է հայտնել, որ մատակարարումները, «եթե հնարավոր է», իրականացվեն, քանի որ Թուրքիան արդեն վճարել է ինքնաթիռների մի մասի համար։

«Սակայն կա ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենք։ Կա նաև NDAA-ի դրույթ, որը շատ խիստ պայմաններ է սահմանում։ Հետևաբար, քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, վաճառքը չի կարող իրականացվել։ Այս մասին տեղեկացվել է թուրքական կողմին։ Նրանք տեղյակ են այդ մասին, և կարծում եմ՝ փորձում են լուծումներ գտնել։ Խնդիրը կապված է C-400 համակարգի հետ»,- ասել է նա։

Ռուբիոն նաև նշել է, որ հարցը, «ի վերջո, կարող է կարգավորվել, և կան տարբերակներ, թե ինչպես դա կարելի է անել, սակայն այս պահին այն դեռևս լուծված չէ»։

Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել է 2019 թվականին՝ Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելուց հետո, ինչը նաև հանգեցրել է ԱՄՆ-ի կողմից CAATSA-ի շրջանակում պատժամիջոցների կիրառմանը։ Թուրքիան հետևողականորեն պնդում է, որ երկու համակարգերը կարող են համատեղ գոյություն ունենալ՝ առանց անվտանգության ռիսկերի, և առաջարկել է ստեղծել համատեղ տեխնիկական հանձնաժողով՝ հարցը ուսումնասիրելու համար։

Վեճի հետևանքով ԱՄՆ-ում մնացել են Թուրքիայից ֆինանսավորված վեց F-35 կործանիչներ, իսկ Անկարան պահանջում է կա՛մ վերականգնել իր մասնակցությունը ծրագրին, կա՛մ վերադարձնել շուրջ 1,45 միլիարդ դոլարը, որն արդեն ներդրել էր։

Իրավիճակի կարգավորման ուղղությամբ առաջընթացի նախադրյալներն ի հայտ են եկել հուլիսին Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երբ Թրամփն ազդանշան է տվել, որ պատրաստ է քննարկել CAATSA-ի պատժամիջոցների վերացումը և վերանայել Թուրքիային F-35-ների վաճառքի հարցը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հաջորդ ամիս հայտարարել է, որ CAATSA-ի պատժամիջոցները վերացնելու որոշումն «փաստացի արդեն ընդունված է»։

ԱՄՆ-ը Հունաստանի և Կիպրոսի միջև մալուխի շուրջ վեճով կզբաղվի «մասնավոր և հանգիստ» կերպով

Հունաստանն ու Կիպրոսը կապող մալուխի վերաբերյալ Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը հասկանում է՝ կան «որոշ հնարավոր խոչընդոտներ», և դիվանագիտական միջոցներով «բոլոր կողմերին կհիշեցնի, թե դա որքան կարևոր է մեզ համար և ինչու է կարևոր»։

Չորեքշաբթի Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ հարցը ներառում է «շատ նուրբ իրավիճակ, որում ներգրավված են այլ երկրներ, սակայն չեմ ասի՝ որոնք», հավելելով, որ նման հարցերը «հավանաբար լավագույնս լուծվում են մամուլի ասուլիսներից դուրս՝ մասնավոր դիվանագիտության միջոցով»։

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի մայրցամաքային շելֆում մալուխների կամ խողովակաշարերի անցկացման, ինչպես նաև գիտական հետազոտությունների իրականացումը պետք է նախապես համաձայնեցվի Անկարայի հետ։

Ռուբիոն և Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգոս Գերապետրիտիսը չորեքշաբթի նախագահել են ԱՄՆ-Հունաստան ռազմավարական երկխոսության վեցերորդ նիստը, որի ընթացքում երկու կողմերը հայտարարել են Հունաստանին 4 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունների և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման համաձայնագրի մասին։

Հունաստանի՝ իր F-35-երի համար առաջադեմ սպառազինություն (նման նրանց, որոնք ստացել է Իսրայելը) ձեռք բերելու հայցի վերաբերյալ Ռուբիոն նշել է, որ «պաշտոնական պատասխան չկա»՝ հավելելով, որ վերջնական որոշումը կախված է Թրամփից։ Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը «դրականորեն» է գնահատում Հունաստանի և Իսրայելի միջև պաշտպանական ոլորտում կապերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment