«Ռոսատոմի» հետ քննարկվել է ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման հարցը

Երևանում կայացել է Հայաստանի, «Ռոսատոմի» և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի շրջանակում։ Նիստում քննարկվել են 2024-2026 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքները։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, իսկ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, հայտնում է Radar.am-ը:

Ուսումնասիրվել են 15,890 քմ ընդհանուր մակերեսով շենքեր ու կառույցներ, իսկ մշակված փաստաթղթերը հաստատել են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։

Կողմերը նաև համաձայնեցրել են 2027-2030 թվականների աշխատանքների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ՀԱԷԿ-ի հիմնական համակարգերի արդիականացում՝ կայանի շահագործումը մինչև 2036 թվականը շարունակելու նպատակով։

«Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է ներկայացրել առնվազն 1 ԳՎտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Leave a comment