Հասարակական-քաղաքական գործիչ, «Ադեկվատ» կուսակցության համահիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է։
Դատարանը նաև արգելել է նրա հետ շփումները, հայտնում է Panorama.am-ը:
«Ոչ մի բան էլ չեն թաքցնում, չեն քողարկում։ Դատավորը, պարզվում է, Փաշինյանի աշխատակազմում երեք տարի վարչության պետ է աշխատել։ Բացարկը չընդունեց»,-դատարանից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Պաշտպանը նաև անհեթեթ է համարել իր վստահորդին ներկայացված մեղադրանքը։
«Ֆեյսբուքյան գրառումների մասին է խոսքը, եթե այդպես է, ապա ԱԺ պատգամավորների կեսին այդ մեղադրանքը պետք է առաջադրվի»,-ասել է Աթանեսյանը՝ մանրամասնելով, որ վարույթը նախաձեռնվել է այս տարվա օգոստոսին։
Փաստաբանը տեղեկացրել է, որ առավոտյան իրենք անձամբ ներկայացել են Քննչական կոմիտե, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ պատճառաբանելով, թե քննիչը դեռ չի ներկայացել աշխատանքի։ Վերջինս նաև անպատասխան է թողել փաստաբանի հեռախոսազանգերը։
«Հասկացա, որ գնում են ձերբակալման, հետո եկան ոստիկանները, Արթուրին տանում են քննչական վարչություն, որ ձերբակալեն, ինձ ուզում են՝ չթողնեն, իհարկե, չստացվեց։ Ոստիկանները ձերբակալեցին, տվեցին քննիչին։ Մենք եկանք, իրենք մեզ ձերբակալեցին։ Դատարանում էլ հայտարարում են, որ ձերբակալել են, իբր մարդը թաքնվում էր, մինչդեռ մենք մեր ոտքով ենք գնացել։ Ամեն ինչ այնքան կեղծ է, ձևական է, որ խոսքեր չկան»,-ներկայացրել է Աթանեսյանը։
Պաշտպանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ առավոտյան Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել մեկ հրապարակման առնչությամբ, իսկ արդեն երեկոյան նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ վեց գրառման հիմքով։
«Արթուրի ցանկացած գրառում կարող է լինել մեղադրանքի մեջ, բառապաշարը, որ օգտագործում է այս իշխանությունների վերաբերյալ, դիտում են խուլիգանություն։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը 10 անգամ ավելի վատն է, քան Արթուրինը։ Արթուր Դանիելյանը քաղաքական բանտարկյալ է, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, անգամ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակիցն է կալանքը տալիս, դրան են հասել»,-ասել է Աթանեսյանը:
Նա նշել է, որ իր վստահորդը ստեղծված իրավիճակին հանգիստ և փիլիսոփայական մոտեցում է ցուցաբերում՝ գիտակցելով, թե ինչ նպատակով են իրականացվում այդ գործողությունները։
Փաստաբանը հաստատել է, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը։
Դանիելյանի վերջին գրառումները վերաբերում էին Շաքիի դեպքին, որտեղ հայտնված ադրբեջանցի զինծառայողը կրակել է տան տիրուհու վրա, վնասվածքներ պատճառել նրա երեխաներին:
2020-ի հուլիսին Արթուր Դանիելյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Նույն տարվա նոյեմբերին նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացված ակցիային մասնակցելու համար, այնուհետև ազատ արձակվել։