Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պատկերացրեք` հիմա մենք իրենց ասենք՝ գերի տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում այսպես է պատասխանում հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը փոխանակվի Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 

Հարցազրուցավարները հիշեցնում են, որ այդ զինծառայողը Հայաստանում հանցագործություն է կատարել։ Վարչապետի պատասխանը մեկն է՝ նա Հայաստանում դատապարտվելու է։

«Նախկինում մենք ձեռք ենք բերել հետևյալ պայմանավորվածությունը. երբ որ զինվոր ա անցնում, մենք նրան ուղղակի հետ ենք տալիս, հանցագործության դեպքը ուրիշ ա»,- ասաց Փաշինյանը:

Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է 2023-ի օգոստոսի 1-ին Ռաշիդ Բեգլարյանի մոլորվելու դեպքը, ինչի հետրանքով նա հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բեգլարյանը բռնությամբ առևանգվել էր Արցախից Հայաստան գալու ճանապարհին։ 

«Ընդ որում, անձն ունի որոշակի խնդիրներ նաև հոգեկան առողջության հետ, առավել խոցելի կարգավիճակում գտնվող անձ է, և մոլորությունը պետք է հանգեցներ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նրա անմիջական ազատ արձակման: Ի՞նչ ճակատագրի արժանացավ Ադրբեջանում, բոլորիս հայտնի է՝ դատապարտել են դիվերսիայի համար երկարատև ազատազրկման»,- ասաց Սահակյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ Մուսաևը ոչ թե մոլորվել է, այլ դիտմամբ է հատել ՀՀ պետական սահմանը, և ներխուժելով բնակարան՝ կրակել է սյունեցի կնոջ վրա։

«Մասնագետների համար չափանիշները շատ հստակ են, և անձի դեմ ուղղված հանցագործություն կատարվածը ուղղակի չի կարող գնահատվել որպես տեղանքում մոլորված անձ։ Եվ սովորական մոլորվածների առնչությամբ նաև չի թույլատրվում քրեական վարույթների նախաձեռնումը և իրականացումը. այն, որ անձը կալանավորված է, արդեն իսկ վկայում է, որ կա ողջամիտ հիմնավոր կասկած հանցանք կատարելու վերաբերյալ, և դա պետք է հետաքննվի պատշաճ իրավական գործընթացներում, և նրա արտահանձնումը կարող է լինել բացառապես իրավական հիմքերով»,- ընդգծում է Սահակյանը:

Որ սահմանն ապօրինի հատած զինված զինծառայողին Ադրբեջանին հանձնելը չի կարող հենց այնպես լինել՝ ասել էր  ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ժամանակին երբ ես եղել եմ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, եղել է դեպք, երբ գերեվարվել են ադրբեջանցի զինծառայողներ և նրանք փոխանակվել են Մեղրիի բնակիչների դիակների հետ և ավելին»,- ասել է Քոչարյանը:

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը Նասիմի Մուսաևին գերիների հետ փոխանակման տարբերակը չէր բացառել՝ Հայաստանում դատապարտվելուց հետո։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե սահմանախախտման դեպքերը գերիների փոխանակման գործընթացից տարանջատված է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ հարցը կարելի էր քննարկել այլ հարթության մեջ, եթե հանցագործություն չլիներ։ 

«Նախ պատանդի կարգավիճակում է պահել քաղաքացիական անձանց, հետո փորձել կրակ արձակել ընտանիքի անդամների ուղղությամբ, ինչի հետևանքով մարդիկ են վիրավորվել: Դեռևս պարզ չէ, թե հետագայում ինչ կաներ այդ զինծառայողը, եթե ինքնապաշտպանության նպատակով տվյալ քաղաքացուց դանակի հարվածներ չստանար։ Դրա համար այս տեսանկյունից Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլև սրանք բացառապես բխում են այն մտքից, որ մի պահի, այնուամենայնիվ, իշխանությունը այդ ադրբեջանցուն հանձնելու է Բաքվին»,- ասաց Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհեթեթություն է որակում խոսակցությունները, թե դիվերսիա է եղել։ Իսկ ինչո՞վ է վարչապետը վստահ, որ ոչ թե դիվերսիա է եղել, այլ որ զինվորը մոլորվել է։

«Ձերբակալության ժամանակ զինվորը դիմադրություն ցույց չի տվել, թեև մոտը եղել է ավտոմատ՝ ամբողջական պահունակով: Երբ իրավապահները մոտեցել են հանձնվել է: Հիմա քննություն է գնում, բայց նախնական` թանձր մառախուղ է եղել, պարզ չէ` ուզեցե՞լ է անցնի Հայաստան, թե մոլորվել, անցել է Հայաստան»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նաև վարկած ներկայացրեց, թե ինչու է ադրբեջանցի Նասիմի Մուսաևը հանցագործություն կատարել։

«Դեպքը նախնական տվյալներով եղել է այսպես․ գնացել է տանը քնել, տանտերերը հայտնաբերել են, և այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ է տեղի ունեցել ամեն ինչ»,- նշեց նա:

Ըստ վարչապետի՝ նախադեպեր եղել են, երբ սահմանը հատած զինվորները վերադարձվել են։ Սիրանուշ Սահակյանն իր հերթին հիշեցնում է հոկտեմբերին 44-օրյա պատերազմի  երկու մասնակցի գերեվարումը և դրանից հետո նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ։ Այսինքն՝ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը խախտել է նաև այս պայմանավորվածությունը։ 

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում ձևավորված պրակտիկան ամենևին չի բխում միջազգային իրավունքից և որպես այդպիսին արատավոր է: Մենք տեսել ենք, երբ հանցագործները ազատ են արձակվել, և սա ակնհայտորեն անպատժելիության մասին խոսող երևույթ է: Մյուս կողմից գերիները, ռազմագերիները, որոնք հատուկ պաշտպանված անձիք են միջազգային մարդասիրական իրավունքի ներքո, հակամարտության ավարտից հետո ազատ չեն արձակվել, ինչը Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և իր հերթին հանդիսանում է ինքնուրույն պատերազմական հանցագործություն»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Այս պահին Բաքվի բանտում 20 ռազմագերի է պահվում` այդ թվում արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, որը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Վերջին անգամ Ադրբեջանից 4 գերի Հայաստան է վերադարձվել  այս տարեսկզբին,  իսկ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի երկու վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել էին այդ երկրի իրավասու մարմիններին։ Փաշինյանը հերքել էր այս երկու իրադարձությունների կապը։

Ավելի քան 3 տարի առաջ ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը Նախիջևանի կողմից հատել էին ՀՀ պետական սահմանը և սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին: Ախունդովը Հայաստանում դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Այդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ Ախունդովին ու Բաբիրովին։ Ադրբեջանական կողմը դա ներկայացրեց որպես մարդասիրության և բարի կամքի դրսևորում։ Նասիմի Մուսաևին Հայաստանում սպառնում է ընդհուպ  ցմահ ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան

 

Leave a comment