««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.10.2026 | 18:22

Ազգային ժողովում պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում բանավեճ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ բանակում տիրող իրավիճակի, կոռուպցիոն չարաշահումների և սպառազինության ձեռքբերման շուրջ:

Մանուկյանն իր ելույթում քննադատեց վարչապետի հայտարարություններն առաջնագծում զգոնության թուլացման վերաբերյալ։ Անդրադառնալով կոռուպցիոն թեմաներին՝ Մանուկյանը բարձրացրեց «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրենի հարցը, ով Կառավարությունից տեղափոխվել էր Պաշտպանության նախարարություն և ընդգրկվել իշխող ուժի նախընտրական ցուցակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով քննադատությանը, հայտարարեց, որ իշխանությունը չի թաքցնում բանակի խնդիրները և խոսում է դրանց մասին հրապարակայնորեն։ Նա նշեց, որ միայն 2024 թվականին է Հայաստանը ստացել առաջին գործարանային արտադրության D-30 հրանոթը։

Փաշինյանը նաև մեղադրեց նախկին իշխանություններին բանակը թալանելու և ապօրինի հարստանալու մեջ․ «Տասնյակ և հարյուրավոր մարդիկ միլիոնատերեր են դարձել բանակը թալանելով․․․ Բա այդ փայերի արդյունքում է, որ միլիոնները կուտակել եք․ առնվազն երկու հոգի կա, որ էդ փայից ստացել է, երրորդն էլ կասկածելի է»։

Վարչապետը հավելեց, որ նախկինում զինվորների սնունդը հայտնվում էր առանձին պահեստներում, արձակուրդ տրամադրելու համար գումարներ էին կորզվում, իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան գտնվում էր փակման եզրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment