Անցած ամիս Չինաստանը կրկին ավելացրել է ոսկու պաշարները՝ անընդմեջ գնումների ժամանակահատվածը հասցնելով գրեթե երկու տարվա, մինչդեռ մետաղի գինը նվազում է՝ մոտենալով մեկ ունցիայի դիմաց 4000 դոլարի սահմանագծին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Չինաստանի Ժողովրդական բանկը, որն աշխարհում ոսկու խոշորագույն գնորդներից է, վերջին ամիսներին ավելացրել է գնումների ծավալը՝ գների նվազումից հետո։
Սեպտեմբերին ոսկու գինը նվազել է ավելի քան 6%-ով, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով էներգակիրների գների կտրուկ աճը խթանել է գնաճը, ինչն էլ դրդել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին բարձրացնել տոկոսադրույքները։ Չնայած գների նվազմանը՝ աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչներից մի քանիսը հասկանալ են տվել, որ շարունակում են ակնկալել ոսկու երկարաժամկետ աջակցության գործոնների պահպանումը, և կրկին ավելացրել են ներդրումները այն բանից հետո, երբ մետաղի արժեքը մոտեցել է մեկ ունցիայի դիմաց 4000 դոլարի մակարդակին։
Պետական պարտքի աճն ուժեղացնում է կենտրոնական բանկերի կողմից ոսկու պաշարների ավելացման օգտին ներկայացվող փաստարկները, այս շաբաթվա սկզբին հայտարարել է Գերմանիայի Բունդեսբանկի նախագահ Յոախիմ Նագելը։