Մայր աթոռը դատապարտել է եկեղեցու դեմ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը

Բաժանորդագրվել

Ներկայացվել են առաջարկություններ՝ եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայոց եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ հրավիրված խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ հոկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։

Պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և փաստաբան Արա Զոհրաբյանն անդրադարձել են վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։

«Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել»,–հայտարարել են խորհրդակցության մասնակիցները։

Նշվել է, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին հրապարակվեցհակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։

Ավելի քան 70 էջից կազմված «զեկույցում» մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։ Տարբեր բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են տարբեր հոգևորականների հանդեպ կիրառվող կամայական հետապնդումների, անհիմն կարգալուծությունների համար։

Leave a comment