Հայաստանում պաշտոնյաները նման են կաթող ջրի ծորակի տակ դրված թասիկներին

Հաճախ հանդիպող երևույթ է, երբ որևէ բնակարանում ծորակից ջուր է կաթում ու ծորակը փոխելու կամ նորոգելու փոխարեն՝ տակը մի թաս են դնում ու համարում հարցը լուծված։

Ահա այդպիսի բնակարանի է այսօր նման Հայաստանի պետական համակարգը։

Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքին հաջորդում են պաշտոնանկություններ, ու ամեն ինչ ընթանում է նախկին տեմպերով՝ մինչև հաջորդ դեպքը։ Այլ խոսքով՝ ծորակը մնում է նույնը, փոխվում են միայն թասիկները։ Իրականում այդ պաշտոնանկություններն ունեն ընդամենը կոսմետիկ բնույթ։ Եթե նույնիսկ տվյալ ոլորտի պաշտոնյան լինի պրոֆեսիոնալ, ամբողջովին տիրապետի իր գործին, միևնույնն է, նրանից հնարավոր չի լինի ակնկալել բարձր արդյունավետություն, որովհետև բացակայում են համալիր լուծումները։

Օրինակ՝ Ազատ գյուղի «զորանոցի» հրդեհից հետո պաշտոնանկ արվեցին ՊՆ մեկ-երկու վարչության պետեր, ու ի՞նչ. բանակում նվազեցի՞ն խաղաղ պայմաններում զոհերի դեպքերը։ Բնականաբար՝ ոչ, որովհետև իրական կամ միակ մեղավորները ոչ թե այդ վարչության պետերն էին, այլ այն մթնոլորտը, որը տիրում է բանակում, և համալիր լուծումների բացակայությունը։

Կամ՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությանը հաջորդեց ՆԳՆ-ում մեկ-երկու պաշտոնանկություն։ Ի՞նչ փոխվեց դրանից, ոչինչ։ Օրը ցերեկով կրակոցները, սպանություններն ու «ռազբորկաները» դարձել են սովորական երևույթ։

Նույնն էլ Շաքիի դեպքերի պարագայում։ Հայաստան թափանցած ու հայ ընտանիքի վրա հարձակված ադրբեջանցու գործով պաշտոնանկ արվեց ԱԱԾ փոխտնօրենը։ Գուցե լինեն ևս որոշ պաշտոնանկություններ, բայց ի՞նչ է փոխվելու արդյունքում։ Նրանց ընդամենը կփոխարինեն նորերը, որոշ ժամանակ անց հասարակական հետաքրքրությունը կնվազի, ու կյանքը նորից կշարունակի իր հունով։

Նոր պաշտոնյաները կաղոթեն, որպեսզի իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ արտառոց դեպք չլինի, որն իրենց կվերածի քավության նոխազի, ոլորտի թիվ մեկ պատասխանատուները կանեն միայն քաղաքական հայտարարություններ, երկրի ղեկավարը կխոսի «խաղաղությունից», մարդիկ կզբաղվեն իրենց առօրյա հոգսերով՝ մինչև մի նոր իրադարձություն։

Դե իսկ նոր դեպքի պարագայում կփոխվեն ջրի ծորակի տակ դրված թասիկները, ու բոլորս կսպասենք, թե երբ են դրանք լցվելու, որպեսզի փոխարինենք նորերով։

Կարեն Կարապետյան

Leave a comment