ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել կենսաչափական տվյալների կառավարման վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք մնալու են պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո, իսկ մասնավոր գործընկերը տվյալների բազային հասանելիություն չի ունենալու։
Նշվում է նաև, որ պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է
«Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։
Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։ Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նշվում է, որ մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։
«Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։ Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։
«Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում: Նոր սպասարկման կենտրոնները կգործեն 14 հասցեում։ Երևանում դրանք կտեղակայվեն «Երևան Մոլում»՝ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում, և «Մեգամոլում»՝ Գայի պողոտա 16 հասցեում։