Հանրայինի ղեկավարները կարգապահական տույժի կենթարկվեն սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի ցուցադրման համար

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և նրա տեղակալ, ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ հեռարձակելու համար։

Հանրային հեռարձակողի խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել՝ ուսումնասիրելով սեպտեմբերի 27-ին Հանրայինի եթերում ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 27-ին «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է.

1. Նկատի ունենալով, որ Ընկերության գործադիր տնօրենն ապահովում է Ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով սահմանված պահանջի խախտման (մասնավորապես, Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ Ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը) համար Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն։

2․ Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում»,- ասվում է որոշման մեջ։

Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ սեպտեմբերի 27-ին իր եթերում ժամանցային համերգի հեռարձակումը սխալ էր որակել՝ ընդունելով ամբողջ պատասխանատվությունը։ Երգիչ Թաթա Սիմոնյանը նույնպես անդրադարձել էր իր համերգի ցուցադրմանը և այն անթույլատրելի համարել։ Դեպքից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել էր, որ ուսումնասիրելու է կատարվածի հանգամանքները և անհրաժեշտության դեպքում պատասխանատու անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ է կիրառելու։

Leave a comment