Քրիստինե Վարդանյան. «Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումը հանրային անվտանգության հարց է»

Երևանյան ռեստորաններից մեկում արձանագրված աղմկահարույց միջադեպը, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, մենեջերը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց սանհանգույցում, դուրս է եկել սովորական կենցաղային հանցագործության սահմաններից՝ վերածվելով հանրային անվտանգության լուրջ սպառնալիքի։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իրական ահազանգ է բարձրացրել երկրում տիրող բարձիթողի վիճակի վերաբերյալ։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում գտնվում է ողբերգական վիճակում, իսկ նմանօրինակ ամենաթողության մթնոլորտը ձևավորվում է հենց իշխանական վերնախավի վարքագծի պատճառով։

«Եթե պետական մարմիններն ու իշխանական թերթերը լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ԱԺ միջանցքներից, օդանավակայանից, քաղաքացիների տան սանհանգույցներից, երևի մյուսներն էլ մտածում են, ինչի իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով տեսանկարահանել մարդկանց ու օգտագործել այդ նյութերն ինչպես կցանկանան», — նշում է Վարդանյանը։

Պատգամավորը հրապարակավ դիմել է Ներքին գործերի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Քննչական կոմիտեին և Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով անհապաղ արձագանքել, իրականացնել քննություն և ապահովել հստակ քրեաիրավական հետևանքներ՝ կանանց իրավունքների հերթական կոպիտ ոտնահարումը չանտեսելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment