Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ սահմանը հատած ադրբեջանցի զինվորն ուզե՞լ է անցնել Հայաստան: Նա այդ մասին ասել է Infocom-ի Ctrl Z հաղորդման ընթացքում:
Անդրադառնալով ադրբեջանցի զինվորին Բաքվում պահվող հայերի հետ փոխանակմանը՝ վարչապետն ասել է, որ կա պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերը անջատ են դիտարկվելու։
«Ենթադրենք ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ տեղանքը շատ բարդ է:
«Դե գիտեք՝ ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանի կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր՝ երկու կողմից դրոններով, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և այնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի՝ մանրամասն հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,– նշել է Փաշինյանը։
Հարցին, թե ինչու Շաքիի բնակիչները տեղեկացված չեն եղել փախուստի մասին, որպեսզի կարողանային պատրաստ լինել, նա պատասխանել է, որ չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել, որովհետև զինվորներն ինքնակամ լքում են տարածքը։
«Առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալը կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս։ Ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել էր, և որոնողական աշխատանքներ են կատարվել, և դրանց ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները։ Չկար փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք և կարող է հասնել բնակավայր։
Պատկերացրեք, որ լինի մամուլի հաղորդագրություն, որ զինվորն անցել է սահմանը, և մի ամիս չգտնեն, և զինվորը ինչ-որ մի տեղ է՝ Ադրբեջանում։ Ամիսներով պետք է խուճապի մթնոլորտը պահպանվեր»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը հայտնել է, որ Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով մեծ խտությամբ տեսադիտարկման համակարգեր են տեղադրված, սակայն թանձր մառախուղի պայմաններում այդ համակարգերը կարող են չաշխատել։
«Հիմա քննություն է գնում այդ թեմայով, կպարզվի։ Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել ու անցել է Հայաստան»,– նշել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ զինծառայողը դասալիք է, իսկ Ադրբեջանում նրա առնչությամբ ևս քրեական գործ է հարուցվել։
«Բայց մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»,– նշել է նա։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելու հնարավորությանը՝ վարչապետը նշել է. «Եղել է, որ զինվորը անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին հետ ենք վերադարձնում։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մենք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք։ Լեգենդները, որ դիվերսիա է եղել, անցել են երեք հոգի, են եղել կամ տաս հոգի, բացարձակ անհեթեթություն է»,– ասել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին հայտնել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրվել է ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք։ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որն այնուհետև կալանավորվել է։