Փաշինյանը չի բացառում ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը

Բաժանորդագրվել

Փաշինյանը կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի լուծումը կարող է դառնալ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար կարող է ընտրել ռուսական տարբերակը։ Նա այդ մասին ասել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում։

Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Նա նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կընդունի նոր բլոկի տեխնիկական տվյալների վերաբերյալ, կընտրի գործընկերներին, որոնք պետք է կառուցեն այն։

«Ատոմակայանի մասով մենք վերջնական որոշում չենք կայացրել։ Չենք բացառում ռուսական տարբերակը, մյուս տարբերակները ևս չենք բացառում»,- ասել է Փաշինյանը։

Նա կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի լուծումը կարող է դառնալ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը։ Ըստ նրա, օրինակ՝ «Amazon»-ը պատրաստ է Հայաստանում ներդրում անել, բայց դրա համար 1000 մեգավատտանոց կայան է պետք։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։

Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։

Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment