Քաղաքականություն
06.10.2026 | 19:00
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, Իրանի հետ հարաբերություններին, Ադրբեջանի իրական նպատակներին և հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր զարգացումներին։ Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան և տարածաշրջանային նախագծերը՝ փորձագետն ընդգծել է Թեհրանի հետ շփումների կենսական նշանակությունը հատկապես ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին:
Այս համատեքստում Պետրոսյանը շեշտում է, որ Հայաստանի խնդիրը պրոցեսները վերահսկելն է. «Հայաստանը ոչ թե պետք է արձագանքի խնդիրներին, այլ պետք է փորձի, ձգտի կանխել էդ խնդիրները»: Նա զգուշացրել է ամերիկյան պատժամիջոցներին կամ պահանջներին հետևելու դեպքում Իրանի կողմից հնարավոր ռիսկերի մասին՝ նշելով, որ «հայկական կողմը որևէ կերպ չպետք է սահմանափակի Իրանի հետ համագործակցությունը Միացյալ Նահանգների պահանջով կամ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների համատեքստում»: Փորձագետի պնդմամբ՝ եթե Հայաստանը միանա ամերիկյան պատժամիջոցներին, իրանական հարվածը լինելու է շատ կոշտ: Իրանի հետ երկխոսության պահպանումը, ըստ նրա, կարևոր է նաև «Իրանի վարքագիծը» կառավարելի պահելու համար։
Խոսելով Բաքվի վարած քաղաքականության և այսպես կոչված «խաղաղության օրակարգի» մասին՝ փորձագետն ընդգծել է երկու երկրների ընկալումների արմատական տարբերությունը. «Ադրբեջանի մոտեցումը խաղաղության նկատմամբ շատ տարբեր է… Իրենց պատկերացրած խաղաղությունն ու մեր պատկերացրած խաղաղությունը այլ են»: Բաքվի հիմնական նպատակը, ըստ նրա, շատ ավելի գլոբալ է. «Ադրբեջանը ունի այս պահին շատ ավելի մեծ նպատակներ և փորձում է, ձգտում է դիրքավորել Ադրբեջանը որպես տարածաշրջանում միջին պետություն»:
Ստեղծված իրավիճակում Արմեն Պետրոսյանը կարծում է, որ «Հայաստանը խնդիր ունի իր շուրջ անվտանգային միջավայրը կառավարելի պահելու»:
Գնահատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլն ու հնարավոր զարգացումները՝ փորձագետը նշել է, որ իրավիճակի սրումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին. «Այս պահին ոչ Հայաստանին է պետք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելը և ոչ էլ հակառակը։ Ռուսաստանն ունի շատ ավելի կարևոր խնդիր Ուկրաինական պատերազմում»:
Նրա կանխատեսմամբ՝ կողմերի միջև սկսվելու է «ակտիվ առևտրի փուլ», որտեղ փորձ է արվելու գտնել ընդհանուր եզրեր։ Որպես հնարավոր փոխզիջումային գործարք՝ Արմեն Պետրոսյանն ուղիղ նշել է. «…ես չեմ բացառում օրինակ ատոմակայանի կառուցումը Ռուսաստանի կողմից, երկաթգծի վերադարձնելը Հայաստանին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան