Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հերթական սկանդալային ու վիրավորական հայտարարություններով է հանդես եկել Սփյուռքի հասցեին։ Սոցցանցի իր էջում կատարած գրառման մեջ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը թիրախավորել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներին՝ նրանց անվանելով «իրականությունից կտրված սուտի հայրենասերներ»։
Սիմոնյանն անցել է թույլատրելիի սահմանները՝ արտերկրում բնակվող հայերին հորդորելով «լեզուները կարճ պահել» և «հեռու մնալ» Հայաստանից ու նրա քաղաքականությունից։ ԱԽ քարտուղարի դժգոհությունն են առաջացրել պատմական քարտեզների հրապարակումն ու իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները։
Իրականությունից կտրված լինելու մեջ Սփյուռքին մեղադրող պաշտոնյան հայտարարել է, թե արտերկրում ապրողները չունեն բարոյական իրավունք կամ տեղեկատվություն՝ խոսելու Հայաստանի մասին։ Նա նաև ծաղրական երանգներով առաջարկել է Սփյուռքի մեր հայրենակիցներին գալ Հայաստան, «McDonald’s-ի փոխարեն երեխաներին ուղարկել սահման» և աշխատել տեղական պարգևավճարներով՝ մոռանալով, որ հենց իշխանությունների վարած քաղաքականության պատճառով է երկրի անվտանգային համակարգը հայտնվել այսպիսի ծանր վիճակում։