Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքներին

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ԱԺ-ում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման քվեարկությանը և չեն ընդգրկվելու հանձնաժողովի կազմում։ Այդ մասին հայտնել են խմբակցությունների ղեկավարներ Աննա Գրիգորյանն ու Նարեկ Կարապետյանը։

«Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու ոչ միայն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ համարելով այն հակասահմանադրական, այլև այսօր քննիչ հանձնաժողովի անդամենրի թիվը սահմանելու հարցի քննարկմանը»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ևս օրակարգի քվեարկությունից առաջ հայտարարել է, որ խմբակցությունը չի ընդգրկվելու հանձնաժողովում և չի մասնակցելու քվեարկությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն անդրադարձել է բանակում մահվան դեպքերն ու Շաքիի միջադեպն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությանը, հայտնում է 1lurer.am-ը:

Խորհրդարանում լրագրողները Հակոբյանից հետաքրքրվել են՝ արդյոք ընդդիմության առաջարկը քննարկվել է ՔՊ խմբակցության նիստում։ Նա պատասխանել է, որ նման քննարկում դեռ չի եղել։

«Պատգամավորների լիազորությունների տիրույթում է քննիչ հանձնաժողով ստեղծելը: Ստեղծելու մասին ընթացակարգեր կան, թող անեն»,- ասել է նա:

Լրագրողները նկատել են, որ հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ են նաև իշխող խմբակցության ձայները, ինչին Հակոբյանը պատասխանել է, որ չի կարծում՝ ՔՊ-ն կմիանա այդ նախաձեռնությանը։

«Բայց քննարկում չենք ունեցել»,- հայտարարել է Հակոբյանը:

Ճշտող հարցին՝ նախաձեռնությանը չմիանալը չի՞ կարող արդյոք նշանակել բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը կոծկելու փորձ, Հակոբյանը պատասխանել է, որ այդ հանգամանքների բացահայտմամբ զբաղվում են իրավասու մարմինները։

«Դրանց համար կան պետական մարմիններ: Քննիչ հանձնաժողովը չպետք է բացահայտի, օրինակ՝ ինքնասպանությունները ինչի հետևանք են կամ դրանք ինքնասպանություններ են, թե սպանություններ: Քրեական գործեր կան հարուցված»,- ասել է նա:

Հակոբյանի գնահատմամբ՝ նման քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է արդյունավետ չլինել։

«Բանակի հետ կապված խնդիրների դեպքում կան իրավասու մարմիններ, իրականացվում են բարեփոխումներ, իսկ եկեղեցում այն մարմինները, որոնք դրանք իրավասու են ներկայացնել, չեն ցանկանում իրականացնել, որովհետև իրենց ձեռնտու չէ դա»,- պարզաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը՝ ի պատասխան լրագրողների հարցերի:

Նրա խոսքով՝ բանակում բարեփոխումների գործընթացը շարունակական բնույթ է կրում, համալրվում են սպառազինությունները, ինչպես նաև ավելացվում են ամրաշինական կառույցները։

«Շփման գիծը երկարել է, մենք չենք ասում՝ բանակում խնդիրներ չկան, հակառակը, ասում ենք՝ խնդիրներ կան, ու դրանք պետք է լուծում ստանան»,- ընդգծել է Հակոբյանը:

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a comment