Մի կողմից՝ Բաքուն և Երևանը խոսում են խաղաղության դարաշրջանի, տասնամյակների թշնամությունը հաղթահարելու և հարաբերությունները կարգավորելու մասին։
Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները. իշխանամերձ լրատվամիջոցների միջոցով Հայաստանի տարբեր բնակավայրեր ներկայացվում են որպես ադրբեջանական պատմական տարածքներ։
Հերթական օրինակը Շիրակի մարզի Բյուրակն գյուղն է։
Ադրբեջանական տեղեկատվական դաշտում այս օրերին շրջանառվում են «Արևմտյան Ադրբեջանի հիշողության վայրերը» նախագծի շրջանակում Բյուրակնի վերաբերյալ պնդումները։ Ըստ նախագծի՝ գյուղը նախկին ադրբեջանական բնակավայր է, որը առնվազն 120 տարի կրել է «Գյուլլիբուլաղ» անվանումը, իսկ այստեղ բնակվել են ադրբեջանցիների նախնիները։ Պնդումները հիմնավորվում են 19֊20֊րդ դարերի արխիվային և գրավոր աղբյուրներով։
MediaHub-ի հետ զրույցում Շիրակի մարզի Բյուրակն համայնքի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանը նշեց, որ հայերից և ադրբեջանցիներից առաջ այս տարածքում բնակվել են հույներ՝ հուռումներ։ Նրա խոսքով՝ Բյուրակնը մեծ և դարերի պատմություն ունեցող բնակավայր չէ, իսկ խորհրդային տարիներին այստեղ կողք կողքի ապրել են հայեր և ադրբեջանցիներ։
«Ադրբեջանցիների թվաքանակը գյուղում ժամանակի ընթացքում մեծացել է, և նրանցից շատերը տարբեր ժամանակներում բնակություն են հաստատել Բյուրակնում։ Բնական է, որ գյուղում մահացած ադրբեջանցիներին ևս հուղարկավորել են Բյուրակնում։ Այդ գերեզմանները, որպես քաղաքակիրթ ազգ, մենք չենք ոչնչացրել և պահպանել ենք մինչ օրս։ Այսօր այդ նույն գերեզմաններն ադրբեջանական կողմն օգտագործում է որպես քարոզչական հիմնավորում՝ դրանք ներկայացնելով որպես հին ադրբեջանական գերեզմաններ, այդ փաստից տարածքային պատմական հետևություններ անելով»,– ասաց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 1973 թվականին Բյուրակնից Գյումրի է տեղափոխվել գյուղում բնակվող վերջին հայ ընտանիքը՝ Չախոյանները։ «1988֊1989 թվականներին, Բաքվում և Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերից ու բռնություններից հետո, Բյուրակնում բնակվող ադրբեջանցիները լքել են գյուղը։ Նրանցից մի մասը իրենց տները փոխանակել է Բաքվում բնակվող հայ ընտանիքների բնակարանների հետ։ Վերջին ադրբեջանցիները Բյուրակնից հեռացել են 1989 թվականին»։
Սարգսյանի խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած պատմական թեզերը չպետք է դիտարկել որպես տարածքային պատկանելության հիմնավորում։ Նա ընդգծեց, որ Բյուրակնում տարբեր ժամանակներում ապրել են հույներ, ռուսներ, հայեր և ադրբեջանցիներ։ Ընդ որում, ադրբեջանցիներն իրենց համարում էին թուրքեր։
Որպես օրինակ՝ Սարգսյանը հիշեցրեց Լոս Անջելեսը, որտեղ այսօր հազարավոր հայեր են ապրում, սակայն դա հիմք չէ քաղաքը հայկական տարածք հայտարարելու համար։
Բյուրակնի վերաբերյալ հրապարակումները, այդպիսով, տեղավորվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի պատմությունը «Արևմտյան Ադրբեջանի» համատեքստում ներկայացնելու ավելի լայն քաղաքականության մեջ։ «Արևմտյան Ադրբեջանի հիշողության վայրերը» նախագիծը հայտարարել է, որ ուսումնասիրել է Հայաստանի շուրջ 600 բնակավայրերի պատմություն՝ նախկինում այստեղ ադրբեջանցիների բնակության վերաբերյալ տվյալներ հավաքելով։