ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպերին՝ առաջարկելով պատգամավորներին վերադառնալ կառուցողական քննարկումների։
«Մենք այս դահլիճում տեսականորեն հարաբերվելու երկու ձև ունենք՝ մեկը՝ իրար լսելն ու իրար չվիրավորելն է, մյուսը՝ ծեծուջարդը։ Երկուսն էլ հարաբերության ձև են, երկուսն էլ բերելու են ինչ-որ վերջնարդյունքի։ Ասեմ ավելին՝ երկուսի արդյունքում էլ վերջում նորմալ նիստեր ենք ունենալու, ինչպես ցույց է տալիս իմ խորհրդարանական փորձը։ Ես առաջարկում եմ գնալ առաջին ճանապարհով»,- ասել է նա, գրում է Radar.am-ը:
Ռուբինյանը նաև դիտողություն է արել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիշա Թամրազյանին՝ ընդգծելով, որ նա պատգամավորներին վիրավորելու իրավունք չուներ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ԱԺ-ում օրակարգի վերաբերյալ իր ելույթն սկսել է՝ ակնարկելով րոպեներ առաջ ՔՊ-ական և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպը, գրում է Panorama.am-ը:
«Ողորմի ձեր բարեկրթությունը»,-ասել է նա:
Մանուկյանը հիշեցրել է, որ ԱԺ օրակարգում ընդամենը երկու հարց է ընդգրկված՝ օրենքով Հանրային ծառայողի օր սահմանելը և Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելը։
«Շաքիի դեպքերից հասարակության ուշադրությունը շեղելու համար, որ մեր սահմանները սարքել են «проходной двор», դրա փոխարեն եկել կեղծ օրակարգով ուզում են սնեն բոլորին․ Էդ ձեր ՊՊԾ աշխատողները, որ գալիս, թռնում ակնոց են պոկում, դրա փոխարեն թող գնան սահմանները պաշտպանեն նույն ջանասիրությամբ»,-ասել է նա:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ընդհատել է Մանուկյանի ելույթը, ինչից հետո վերջինս բարձրաձայն արձագանքել է նրան։ Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն էլ հորդորել է զսպել հույզերը։
Մանուկյանն ընդգծել է, որ Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախագիծը կեղծ է և հակասահմանադրական։
«Ակնհայտ էր. որ գլխավոր սադրողը ՔՊ-ական էր և գլխավոր հերոսն էլ գլխավորի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր»,-ասել է նա:
Պատգամավորը նաև նշել է, որ սադրանքների դերաբաշխումը նույնն է, ինչ նախորդ Ազգային ժողովում:
«Երբ ասում ենք կեղծ օրակարգ է, նկատի ունենք, որ թերթերում սուտ բաներ են տպում եկեղեցու վերաբերյալ, հետո սկսում են սուտը հերքել, դառնում են իրենց տրոլինգի հաճախորդ, հետո բերում են օրակարգային հարց և փորձում շեղել հասարակության ուշադրությունը»,-նշել է Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը տարակուսանք է հայտնել, որ նիստին ներկա չեն պաշտպանության նախարարն ու ԱԱԾ տնօրենը, որպեսզի պարզաբանեն, թե ինչու գյուղացուն չեն տեղեկացրել, ըստ նրա, ՀՀ սահմանից 15 կմ ներս ներթափանցած ադրբեջանցու մասին։
Մանուկյանն անթույլատրելի է համարել ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցուն մոլորված որակելն ու նրան Ադրբեջան անցած հայ զինծառայողի հետ նույն հարթության վրա դնելը։
«Եկեղեցու կեղծ օրակարգը բերել են անվտանգային լուրջ օրակարգից ուշադրությունը շեղելու համար։ Իրենք սուտը տարածում են մամուլում, դառնում ստի հաճախորդ և վերջում էլ որպես «կարևորագույն հարց» բերում են ԱԺ»,- եզրափակել է Մանուկյանը։
Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է, հրմշտոց է սկսվել: 2 անգամ ընդմիջում է հայտարարվել: Իրավիճակը դահլիճում կրկին լարվել է ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսել են խփել սեղաններին։