Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորումը (PAN.am)

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորումը:

Զրուցակիցներն արձանագրել են երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման առաջընթացը, որն արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո, գրում է APA-ն:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները։

Նշվել է, որ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի շրջանակում էներգետիկայի, ածխաջրածնային պաշարների հետախուզման, մշակման ու արդյունահանման, ներդրումների, թվային տեխնոլոգիաների, առևտրի և այլ ոլորտներում ստորագրված փաստաթղթերը զգալիորեն ընդլայնել են համագործակցության գործնական բովանդակությունը։

Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է խաղաղության օրակարգն առաջ մղելու, վստահությունն ամրապնդելու և տարածաշրջանային կայունությանը նպաստելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

Leave a comment