Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը

Քաղաքականություն

06.10.2026 | 11:36

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն անցկացրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը մանրամասն քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապերի զարգացմանը, բեռնափոխադրումների ընդլայնմանը, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը և անցակետերի աշխատանքի կատարելագործմանը։

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների ավելացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումները։ Քննարկվել է նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակման կարևորությունը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Մոսկվա այցի շրջանակում Շահին Մուստաֆաևը հանդիպել է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի, Ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի վարչության նախագահ Էմին Աղալարովի և Ռուսաստան-Ադրբեջան գործարար խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության հետագա զարգացման հարցերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment