ԱԺ-ում հրմշտոց և վիճաբանություն է տեղի ունեցել․ 2 անգամ ընդմիջում է հայտարարվել

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո խորհրդարանում իրավիճակը լարվել է, հրմշտոց է սկսվել:

Էդգար Ղազարյանն իր ելույթում քննադատել է Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն օրակարգում չներառելը՝ պնդելով, որ խորհրդարանի նախագահի պաշտոնավարման ժամանակ տեղի է ունեցել «ապօրինությունների շարք»։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն ընդհատել է նրա խոսքը՝ նշելով, որ հնչող հայտարարությունները չեն առնչվում օրակարգային հարցին, ապա անջատել է խոսափողը, հայտնում է Factor.am-ը:

«Եթե պարոն Ղազարյանը հիմա կխոսի օրակարգի մասին, ես միացնում եմ խոսափողը։ Եթե չի խոսելու օրակարգից, անջատված է մնում»,- հայտարարել է Ռուբինյանը։

Չնայած խոսափողն անջատված լինելուն՝ Էդգար Ղազարյանը շարունակել է խոսել ամբիոնից։ Ռուբեն Ռուբինյանը նրան մի քանի անգամ հորդորել է․ «Լքե՛ք ամբիոնը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսել են գոռալ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների ուղղությամբ։ Արդյունքում, նրանց միջև սկսվել է քաշքուկ և հրմշտոց։

Իր ագրեսիվ վարքով հատկապես աչքի էր ընկնում ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահե Ղալումյանը, գրում է Sputnik Արմենիան:

Ստեղծված իրավիճակից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։

Էդգար Ղազարյանն իր ելույթի ընթացքում, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուբինյանը պետական միջոցների վատնում է կատարել։ Նա նաև պատգամավորներին կոչ է արել չծախսել որպես պարգևավճար ստացած 250 հազար դրամը։ Ղազարյանի ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։

Լարված իրավիճակն ու դրանում ներգրավված անձինք տեղափոխվել են ԱԺ նիստերի դահլիճին հարակից միջանցք, հայտնում է Panorama.am-ը:

ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից ու հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, թե դա ուղղակի քաշքուկ էր, այլ ոչ թե ծեծկրտուք, գրում է Sputnik Արմենիան:

«Երբ մարդիկ օրակարգից շեղվում են, դա բերում է նիստը խաթարող տարբեր հետևանքների. օրինակ` նախկին մի ՀՀԿ–ական որոշի մեզ ասել թալանչի, ՔՊ–ից էլ մեկն արձագանքի ու ասի` թալանչին դու ես, այ կեղտոտ ՀՀԿ–ական»,– հայտարարել է նա։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարման կարգով խոսք խնդրեց, սակայն Ռուբինյանը մերժեց նրան` հայտարարելով, թե ելույթի ժամանակ կասի իր խոսքը։

Այնուհետեև ԱԺ խոսնակն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էգդար Ղազարյանին` հայտարարելով, թե նա ամեն անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը։

«Եթե այսպես շարունակվի, ես ուղղակի նրան դուրս եմ հանելու դահլիճից` սկզբում մեկ օրով, հետո ինչքան ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, այդքան դուրս եմ հանելու, սակայն կարող է` դուրս հանելու փոխարեն դուրս շպրտեմ կամ հետո շպրտենք, իսկ հետո խմբակային ցույց տանք` որը որից հետո է։ Ու, ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»,–հայտարարել է Ռուբինյանը։

Իրավիճակը դահլիճում կրկին լարվել է ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։

Կրքերը նորից լարվել են. իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսել են միմյանց վիրավորել, սկսվել է հրմշտոց։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը 2–րդ անգամ հայտարարել է չնախատեսված ընդմիջում։ Ընդմիջումը տևեց 10 րոպե։

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ–ում լարվածություն ստեղծելու պատճառն օրակարգային կարևոր հարցերը երկրորդ պլան մղելն է։ Նրա խոսքով՝ այդ թեմաներից մեկը Հայաստան մուտք գործած ադրբեջանցու հետագա ճակատագիրն է։

«Իրավիճակի լարումից մենք չենք խուսափում։ Երբեմն կարևոր հարցերի շուրջ իրավիճակը կարող է նաև լարվել, հարց չկա։ Բայց թեմայից մենք չենք կարող շեղվել»,- ասել է Կարապետյանը։

Leave a comment