Թուրքիան վճռականորեն կիրականացնի իր տիեզերական ծրագիրը, մինչև դառնա համաշխարհային տիեզերական ոլորտի հզոր և հարգված դերակատար․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայում անցկացվող Տիեզերագնացության միջազգային 77-րդ կոնգրեսի բացման արարողությանը։
«Մենք չենք շեղվի մեր նպատակից, մինչև Թուրքիան դարձնենք համաշխարհային տիեզերական ոլորտի հզոր և հարգված դերակատարներից մեկը»,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է Թուրքիայի առաջընթացը արբանյակային տեխնոլոգիաների և Լուսնի ուսումնասիրության ոլորտում՝ կոչ անելով ապահովել ավելի լայն միջազգային մասնակցություն տիեզերական գործունեությանը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան «երբեք թույլ չի տվել իրեն հետ մնալ տիեզերական մրցավազքից» և, չնայած խոչընդոտներին ու մարտահրավերներին, կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում։
Նա հայտարարել է Թուրքիայի՝ Լուսնի ուսումնասիրության ծրագրի շրջանակում մշակված տիեզերական սարքի արտադրության, հավաքման և ինտեգրման աշխատանքների ավարտի մասին։ Սարքը կշռում է մոտ 3,5 տոննա, և դրա բաղադրիչների ավելի քան 80 տոկոսը արտադրված է տեղական արտադրողների կողմից, ինչը Էրդողանը որակել է որպես «մեծ հպարտության աղբյուր»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև նշել է Թուրքիայի հաջողությունը սեփական հեռահաղորդակցության արբանյակի՝ «Türksat 6A»-ի մշակման մեջ։ «.Türksat 6A«-ը ցույց տվեց նաև Թուրքիայի ինժեներական ներուժը, արդյունաբերական ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և վստահությունը տիեզերական տեխնոլոգիաների նկատմամբ»,- ասել է նա։