Ոչ օրենսդիր, ոչ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը՝ հակասահմանադրական է, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հիմա մենք կարո՞ղ ենք ստեղծել մի քննիչ հանձնաժողով, որը կվերաբերի կոնկրետ մի քանի դատավորների կողմից կայացված դատական ակտերին. վստահ եմ՝ հակադարձում կլինի, որ չի կարող քննիչ հանձնաժողովը իրենից ենթադրել միջամտություն դատական իշխանությանը։ Այս դեպքում ևս նույն հակափաստարկը պետք է գործեր»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը:
Պատգամավորը նշել է, որ պետք է գոյություն ունենան որոշակի կարմիր գծեր՝ հարցը դիտարկելով սահմանադրաիրավական գնահատականի տեսանկյունից։
«Պետք է հստակ առանձնացվի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ կարգավիճակը ՀՀ-ում, որ պետությունը և եկեղեցին անջատ են»,-ասել է նա:
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: