Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.10.2026 | 16:18

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության և պատգամավորների նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցների կիրառման կարգը։

Կարապետյանի խոսքով՝ Էթիկայի հանձնաժողովի նիստը կարող է սկսվել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հինգ կողմ ձայն։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը։

Նա նշել է, որ խմբակցությունները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում փոխարինել իրենց պատգամավորին, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել հանձնաժողովի նիստին, քննարկումներին և քվեարկությանը։

Կարապետյանի խոսքով՝ Էթիկայի հանձնաժողովի հիմնական նպատակը ոչ թե պատգամավորներին պատժելն է, այլ Հայաստանում պատգամավորական էթիկայի մակարդակը բարձրացնելը։ Միաժամանակ նա նշել է, որ դիմումների հիման վրա հարցի քննարկումից հետո հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ և առաջարկություն է ներկայացնում ԱԺ նախագահին՝ կարգապահական միջոց կիրառելու վերաբերյալ։

Կարապետյանը նշել է, որ կարգապահական միջոցների թվում են նախազգուշացումը, ԱԺ նիստում մեկ նիստի ընթացքում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, նիստերից հեռացումը և մինչև յոթ օր ԱԺ նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment