ԿԳՄՍՆ-ում քննարկվել են COP17-ին մասնակցության կազմակերպչական հարցերը (PAN.am)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ ծրագրերը, առաջիկա միջոցառումներն ու դրանց պատշաճ կազմակերպմանն ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության և դրա ենթակա կառույցների մասնակցության կազմակերպմանը վերաբերող հարցերը։

Դիտարկվել են նախարարության ներգրավվածության ձևաչափը, նախատեսվող միջոցառումներն ու տաղավարային ներկայացվածությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա աշխատանքները։ Ուշադրություն է դարձվել նաև նախատեսված միջոցառումների կազմակերպմանը և դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը։

Մասնավորապես, քննարկվել է կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրով դպրոցական նոր ավտոբուսների գործարկումը։ Առաջին փուլում ծրագիրն ընդգրկել է հինգ բնակավայր՝ նախատեսելով երեխաների տեղափոխումը նորակառույց դպրոցներ։

Անդրեասյանը կարևորել է ծնողներին ծրագրի մասին լիարժեք և պատշաճ տեղեկություններ տրամադրելը՝ ներառյալ երթուղիների, չվացուցակների, վարորդների, փոխադրումների կազմակերպման և անվտանգության պայմանների վերաբերյալ տվյալները։ Հանձնարարվել է ծրագրի իրականացումը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և շարունակական հաղորդակցություն ապահովել ծնողների հետ։

Անդրադարձ է կատարվել նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է ներկայացնել դրա կազմակերպման ժամանակացույցը՝ նախատեսված աշխատանքները պատշաճ պլանավորելու և սահմանված ժամկետները պահպանելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Ժաննա Անդրեասյանը պատասխանատու ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ է տվել՝ կարևորելով աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու սահմանված ժամկետների պահպանումը։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment