Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն արձագանքել է եկեղեցուն պատկանող գույքի և շինությունների վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ Մայր Աթոռին հատկացված շինությունները կաթողիկոսի անձնական ունեցվածք ներկայացնելն ամոթալի սուտ է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Եկեղեցուն պատկանող գույքի պահպանման և օգտագործման խնդիրներն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, ինչպես նաև Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելն ակնհայտ մանիպուլյացիա և ամոթալի սուտ է։
Հանրային նշանակության շենքերի «զավթման և դրանք փլատակների կամ բիզնեսի վերածման» կեղծ պնդումները և այդ շինությունների լուսանկարների հրապարակումը որևէ մեկին իրավունք չի տալիս բացահայտ սուտ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել։
Համոզիչ չեն նաև երեխաների կրթական շահերի պաշտպանության մասին հայտարարությունները, երբ իշխանություններն իրենք են խոչընդոտում այդ շահերին ծառայող նախաձեռնություններին։ Դրա խոսուն օրինակն է Մայր Աթոռի նախաձեռնած «Թումո» կենտրոնի ծրագրով նոր կրթօջախի իրագործումը․ մոտ 2500 երեխաների ու պատանիների արդիական կրթություն տրամադրելուն միտված այս նախաձեռնությունը բախվում է համայնքային իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներին։
Հայոց Հայրապետի գահակալության ընթացքում իրականացված մեծածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքները՝ ուղղված ազգային հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ու հարստացմանը, Եկեղեցու հետևողական ջանքերի խոսուն ու տեսանելի վկայություններն են։ Այս իրողությունները լռության մատնելը խեղաթյուրում է իրականությունը և մոլորեցնում հանրությանը»,- նշել է Տեր Եսային։
Սեպտեմբերի 24-ին հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։