Մերձավոր Արևելքի նավթի արտահանումը գերազանցել է պատերազմից առաջ եղած ծավալները

Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումները գերազանցել են պատերազմից առաջ գրանցված ծավալները՝ չնայած Հորմուզի նեղուցում տանկերների վրա հարձակումների հաճախականության աճին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը։

Տարածաշրջանից նավթի արտահանման ծավալը գերազանցել է փետրվարի 28-ից առաջ գրանցված ցուցանիշները՝ այդ օրը սկսվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Աճն արձանագրվել է սեպտեմբերի 24-ին, ինչպես նաև սեպտեմբերի 27-29-ը․ օրական ծավալները հասել են 19.5-22.5 մլն բարելի։

2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի փետրվարը նավթի միջին օրական արտահանումը կազմել է 18 մլն բարել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ յոթօրյա շարժական միջին ցուցանիշը կազմել է օրական 18.5 մլն բարել։ Այս տվյալները ներառում են Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով իրականացվող տարանցումը, տերմինալներից արտահանումը, ինչպես նաև Օմանի ծոցում նավից նավ բեռնափոխադրումները։

Kpler-ի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին նախորդող յոթ օրվա ընթացքում նավթի, նավթամթերքի, քիմիական նյութերի և հեղուկ ածխաջրածինների (բացառությամբ գազի) ընդհանուր արտահանումը միջինում կազմել է օրական 22.4 մլն բարել։ Սեպտեմբերին աճել է նաև Հորմուզի նեղուցով փոխադրված հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խմբաքանակների թիվը․ ցուցանիշը հասել է փետրվարից ի վեր առավելագույն մակարդակին։

Վիճակագրության մեջ չեն ներառվել այն նավերը, որոնք կարող էին նեղուցն անցնել ավտոմատ նույնականացման համակարգի անջատված տրանսպոնդերներով՝ հայտնաբերումից խուսափելու համար։

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից առաջ, նեղուցով օրական անցնում էր շուրջ 125 խոշոր առևտրային նավ՝ բեռնանավեր և կոնտեյներատարներ, տանկերներ ու գազատարներ։ Դրանք տեղափոխում էին աշխարհում օրական արդյունահանվող նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ 20%-ը։

Leave a comment