Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ

Քաղաքականություն

12.02.2026 | 22:15

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից այսօր հրապարակված տեսանյութում երկրի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի և անհայտ կնոջ միջև հեռախոսազրույցից մի հատված կա։ Զրույցի ընթացքում Ռամիզ Մեհդիևը կնոջից խորհուրդ է հարցնում Ադրբեջանում «պետական ​​կառավարման համակարգում փոփոխությունների» մասին իր պատրաստած նամակը հանձնելու վերաբերյալ, ըստ էության՝ հեղաշրջումից հետո կառավարման մոդելի մասին։ Կնոջ ինքնությունը տեսանյութում չի բացահայտվում։

Ադրբեջանական կառավարամերձ APA-ի տեղեկատվության համաձայն՝ այդ կինն աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում և միջնորդ է եղել Մեհդիևի ու Ռուսաստանի անվտանգության մարմինների միջև կապերի հաստատման գործում։ Աղբյուրը հայտնել է, որ Մեհդիևի՝ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում (2019-2022) նա կապ է պահպանել Ռուսաստանում իր համակարգողների հետ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում գործակալական ցանցի միջոցով։

Նշվում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և այլ գիտական ​​հաստատությունների ներսում ռուսական հետախուզական գործակալությունների (մասնավորապես՝ ԱԴԾ-ի) կողմից հզոր վերահսկողության մեխանիզմների և գործակալական ցանցի առկայությունը բազմիցս նշվել է միջազգային լրատվամիջոցներում և հետաքննություններում: Այս համակարգը գործում է դեռևս խորհրդային տարիներից, և հետախուզության աշխատակիցները երբեմն հանդես են գալիս որպես «խորհրդատուներ» կամ «փորձագետներ» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում:

Աղբյուրի համաձայն՝ կինը, որի հետ Ռամիզ Մեհդիևը կապ է պահպանել, այդ «փորձագետներից» մեկն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment