ԱԹՍ–ների հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 5 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով գրոհում է ՌԴ տարածքը:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների հերթական հարվածների հետևանքով։ Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղում դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա։ Վիրավորվել է մի տղամարդ։ Տուժածը գլխուղեղի փակ վնասվածքով, ոտքի և ձեռքերի բեկորային վնասվածքներով, ինչպես նաև քթի կոտրվածքով տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Կրակը ոչնչացրել է տրանսպորտային միջոցը։ Բացի այդ, կոտրվել են մասնավոր տան և տնտեսական շինության պատուհանները»,- Telegram-ում գրել է Գլադկովը։

Նրա տվյալներով՝ Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում ԱԹՍ-ն մեքենայի է հարվածել, ինչի հետևանքով տղամարդ է տուժել։ Նա ականապայթյունային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեքենան նույնպես վնասվել է։ Բացի այդ, Բելգորոդի շրջանի Բոչկովկա-Նեչաևկա ավտոճանապարհի հատվածում մարդատար մեքենային հասցված հարվածի հետևանքով ամուսնական զույգ է վիրավորվել. նրանց մոտ ախտորոշվել են ականապայթյունային վնասվածքներ և բարոտրավմաներ։ Տրանսպորտային միջոցը վնասվել է։

«Բացի այդ, այսօր Կրասնայա Յարուգայի կենտրոնական շրջանային հիվանդանոց է դիմել մի տղամարդ, որը վիրավորվել էր երեկ՝ Կրասնայա Յարուգա ավանում դրոնի հարձակման ժամանակ։ Բժիշկներն ախտորոշել են ականապայթյունային վնասվածք և ոտքի կույր բեկորային վնասվածք։ Հետագա բուժման համար նա տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,- հավելել է Գլադկովը։

Leave a comment