Աղետալի ջրհեղեղներ Իսպանիայում և Թաիլանդում. կան զոհեր, փրկվել է տասնյակ մարդ

Անոմալ տեղումներն ու ջրհեղեղները լուրջ ավերածություններ են պատճառել Իսպանիայում և Թաիլանդում: Իսպանական Ալբասետե նահանգի Մադրիգերաս բնակավայրում տեղացած տեղատարափ անձրևների հետևանքով ջրասույզ են եղել փողոցներ, նկուղներ, ավտոտնակներ և խանութներ։ Ջրի ուժգին հոսանքները քշել են ավտոմեքենաներ, իսկ տեղումների քանակը կարճ ժամանակահատվածում հասել է 142 լիտրի՝ մեկ քառակուսի մետրի հաշվարկով։

Աղետի հետևանքով զոհվել է 102-ամյա մի կին, ում մարմինը հայտնաբերվել է սեփական տանը, որտեղ ջրի մակարդակը բարձրացել էր ավելի քան մեկ մետրով։ Փրկարարական ծառայություններին հաջողվել է տարհանել և անվտանգ վայր տեղափոխել շուրջ 90 քաղաքացու։ Աղետալի իրավիճակ է ստեղծվել նաև Իսպանիայի արևելյան ու հյուսիսարևելյան շրջաններում, մասնավորապես Վալենսիա և Կատալոնիա ինքնավար համայնքներում, որտեղ ջրհեղեղները հանգեցրել են ենթակառուցվածքների աշխատանքի լուրջ խափանումների։

Միևնույն ժամանակ, Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում մուսոնային տեղատարափ անձրևների պատճառով իշխանությունները աղետի գոտի են հայտարարել քաղաքի բոլոր 50 շրջանները։ 48 ժամվա ընթացքում այստեղ գրանցվել է մոտ 300 մմ տեղում, ինչի հետևանքով ջրասույզ են եղել ավտոճանապարհները, բնակելի տներն ու ավտոմեքենաները։ Ամենամեծ վնասները կրել են Լատպհրաո, Պրավետ և Սենսեպ ջրանցքների հարևանությամբ գտնվող շրջանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment