Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի և Մոսկվայի բանակցություններն ընդլայնվել են և ներառում են բազմամիլիարդանոց նավթային գործարք, որից կարող են շահել ամերիկացի գլխավոր բանակցողներ՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ կապ ունեցող մերձավորարևելյան գործարարներ։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT)։
Պարբերականի տվյալներով՝ գործարքը վերաբերում է ռուսական «Լուկօյլ» ընկերությանը պատկանող նավթահանքերին, նավթավերամշակման գործարաններին և ամբողջ աշխարհում գործող բենզալցակայաններին։
Այս լայնածավալ գործարքի իրականացման համար, որը ներառում է տարբեր ակտիվներ՝ Կամերունում գտնվող նավթահանքերից և Եվրոպայի նավթավերամշակման գործարաններից մինչև Նյու Ջերսիում գործող բենզալցակայանների ցանց, անհրաժեշտ է ԱՄՆ կառավարության և Կրեմլի հավանությունը։
Թերթի տեղեկություններով՝ համապատասխան համաձայնագիրը առաջ մղող խմբում ընդգրկված են ամերիկացի ներդրող և միլիարդատեր Թոդ Բոելին, որը 2 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական նախագծերին, Մերձավոր Արևելքի երկու կառույցներ, որոնք համագործակցել են Քուշների կամ Ուիթքոֆի ընտանիքի հետ, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ստորաբաժանումներից մեկը։
Միաժամանակ, The New York Times-ը նշում է, որ որևէ նշան չկա, թե անձամբ Քուշները կամ Ուիթքոֆը կշահեն գործարքից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործարքի թեմային անդրադարձել է Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպման ժամանակ, որը սեպտեմբերի 5-ին տեղի էր ունեցել Կրեմլում, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պուտինն առաջարկել է կնքել այդ գործարքը՝ ռուսներին ցույց տալու համար, որ ԱՄՆ-ի հետ բիզնես վարելը հնարավոր է։
NYT-ը գրում է, որ ի վերջո նավթային համաձայնագրի կնքումը կախված է Պուտինի և Թրամփի որոշումներից։
Սպիտակ տունը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և «Լուկօյլ» ընկերությունը NYT-ի լրագրողների մեկնաբանության հարցումներին չեն պատասխանել։