Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բնակիչների պատմելով՝ ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։
«Կինն ու երեք երեխաները տանը չեն գիշերել։ Դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ է բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- պատմել է բնակիչը։
Գյուղացիների խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել և դանակով հարվածել ադրբեջանցուն։ Վերջինս փախել և թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասվածք ստացած կնոջ երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության։ Այս մասին երեկ հայտնել էին Դատախազությունից։
«Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք»,- հայտնել էր Դատախազությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը 39 տարեկան է։
Հայաստան ապօրինի մուտք գործած ադրբեջանցին ժամկետային զինծառայող Նասիմ Մուսաևն է։ Նա ծառայել է Լաչինի՝ Բերձորի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Ադրբեջանի դատախազության փոխանցմամբ՝ Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր զորամասը։
Ադրբեջանցու հարձակումից վիրավորված սյունեցի կնոջը տեղափոխել էին Երևան։
MediaHub-ի տեղեկություններով՝ կնոջ կյանքին սպառնացող վտանգ չկա, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը։
Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար։