Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի նոր կենսաչափական անձնագրում կիրառված անվտանգային և պաշտպանական հիմնական լուծումները, որոնք, նրա գնահատմամբ, այն դարձնում են աշխարհի ամենաանվտանգ անձնագրերից մեկը։
Փաստաթղթի էջերում ներառված՝ առաջին հայացքից աննկատ պաշտպանական տարրերի շարքում են միջնադարյան ճարտարապետական նմուշներից վերցված հայկական վարդազարդերն ու երկրաչափական նախշերը։ Հատուկ մշակման շնորհիվ դրանք վերածվել են փոխկապակցված ցանցի, որի ամենանուրբ գծերն ու գրառումները հնարավոր է տեսնել միայն խոշորացույցի օգնությամբ։
Պաշտպանական երկրորդ լուծումը դարձել է խաղաղության աղավնին։ Ուլտրամանուշակագույն լույսի ներքո անձնագրի էջերին հայտնվում է աղավնու պատկերը, իսկ էջերն արագ թերթելու դեպքում ստեղծվում է դրա թռիչքի տպավորություն։
Երրորդ առանցքային պաշտպանական տարրը եռագույն մարաթելն է։ Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ չնայած մարաթելերն օգտագործվում են աշխարհի բոլոր անձնագրերում, Հայաստանի համար հատուկ լուծում է մշակվել․ անձնագրային թղթի բաղադրության մեջ ներառվել է Հայաստանի դրոշի տեսքով մարաթել, որը ևս տեսանելի է դառնում ուլտրամանուշակագույն լույսի ներքո։
Նախարարն ընդգծել է, որ ներկայացված լուծումները նոր կենսաչափական անձնագրում կիրառված պաշտպանական մեխանիզմների միայն մի մասն են։
ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: