G7-ի երկրները համաձայնեցրել են նավթի և նավթամթերքի ռազմավարական պաշարների համակարգված բացթողումը՝ էներգետիկ շուկաներում գների աճի և անկայունության պայմաններում։ Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ առաջիկա չորս ամսում կազատվի 100 մլն բարել, իսկ դիզելային վառելիքի զգալի մասը՝ առաջին 20 օրվա ընթացքում։
G7-ի երկրների ղեկավարները հոկտեմբերի 2-ին տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու էներգետիկ անվտանգության խորացող խնդիրները։ Նավթի շուկաներում աննախադեպ անկայունության և գների աճի պայմաններում երկրները պայմանավորվել են համակարգված միջոցառումների շուրջ՝ էներգակիրների մատակարարումները կայունացնելու, տնային տնտեսություններին և բիզնեսներին գնային շոկերից պաշտպանելու և համաշխարհային էներգետիկ համակարգի կայունությունը բարձրացնելու համար։
G7-ի հայտարարության համաձայն՝ երկրները նախատեսում են համակարգել նավթավերամշակման գործարանների տեխնիկական սպասարկման ժամանակացույցերը՝ հզորությունների միաժամանակյա կանգից խուսափելու համար։ Հնարավորության դեպքում նախատեսվում է նաև ժամանակավորապես ավելացնել գործարանների արտադրական հզորությունների օգտագործումը։
G7-ը կոչ է արել նավթավերամշակման զգալի հզորություններ ունեցող երկրներին ավելացնել նավթամթերքի, հատկապես դիզելային վառելիքի արտադրությունը, քանի որ շուկայի այդ հատվածը գտնվում է ճնշման տակ։
G7-ը Միջազգային էներգետիկ գործակալությանը (ՄԷԳ) հանձնարարել է վերահսկել 2026 թվականի մարտին ստանձնած պարտավորությունների անհապաղ և ամբողջական իրականացումը։ Հաշվի առնելով արդեն կատարված պարտավորությունները՝ երկրները համաձայնել են ՄԷԳ-ի միջոցով առաջիկա չորս ամսում համակարգված կերպով ազատել 100 մլն բարել նավթ և նավթամթերք։
G7-ը կազատի նավթի և դիզելի պաշարները
G7-ի երկրներն ու գործընկերները առաջին 20 օրվա ընթացքում նախատեսում են զգալիորեն արագացնել դիզելային վառելիքի պահուստների բացթողումը։ Առաջիկա օրերին ՄԷԳ-ի շրջանակում նախատեսվում է նաև քննարկել անհրաժեշտության դեպքում դիզելի լրացուցիչ մատակարարումների հնարավորությունը։
G7-ի երկրները վերահաստատել են միմյանց միջև էներգակիրների և էներգետիկ արտադրանքի արտահանման սահմանափակումներ չկիրառելու հանձնառությունը։ Նրանք նաև կոչ են արել բոլոր արտադրողներին զերծ մնալ այնպիսի արգելքներից, որոնք կարող են խորացնել շուկայի լարվածությունը։
G7-ը ՄԷԳ-ին հանձնարարել է գնահատել համաձայնեցված միջոցառումների ազդեցությունը էներգետիկ անվտանգության և շուկաների կայունության վրա։ Գործակալությունը մինչև 20 օրվա ավարտը պետք է ներկայացնի զեկույց՝ ապագա արձագանքման միջոցառումների բարելավման գործնական առաջարկներով, այդ թվում՝ պաշարների համալրման վերաբերյալ։
G7-ը դատապարտել է Իրանի գործողությունները
G7-ի առաջնորդները դատապարտել են Իրանի շարունակվող հարձակումները տարածաշրջանի հարևան երկրների նկատմամբ, ինչպես նաև այն գործողությունները, որոնք, ըստ նրանց, խաթարում են միջազգային առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և համաշխարհային տնտեսությունը։
Նրանք կոչ են արել անհապաղ և ամբողջությամբ վերականգնել նավարկության իրավունքներն ու սկզբունքները Հորմուզի նեղուցում և հայտարարել են այդ ուղղությամբ համատեղ ջանքերն ուժեղացնելու մտադրության մասին։
G7-ը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցով առևտրի ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ իրականացվող գործողությունների համար։
Միաժամանակ G7-ը հայտարարել է, որ կպահպանի Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները՝ համագործակցելով ՄԷԳ-ի և միջազգային գործընկերների հետ՝ վառելիքի, գազի և այլ հումքային ապրանքների շուկաների վրա ճգնաժամի հետագա տարածումը կանխելու համար։
G7-ի հայտարարության համաձայն՝ ձեռք բերված պայմանավորվածությունները քայլ են դեպի «ավելի անվտանգ, թափանցիկ և կայուն էներգետիկ համակարգ»։
ԵՄ-ն աջակցել է G7-ի որոշմանը
Եվրամիությունը ողջունել է G7-ի որոշումը՝ դաշնակից երկրների նկատմամբ վառելիքի արտահանման սահմանափակումներ չկիրառելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև, որ Բրյուսելը աջակցում է ՄԷԳ-ի շրջանակում վառելիքի պաշարների համակարգված բացթողմանը։
ԱՄՆ վարչակազմը եվրոպացի գործընկերներին կոչ էր արել ազատել վառելիքի պաշարները՝ սպառողների համար գները նվազեցնելու նպատակով։ Որպես ճնշման հնարավոր գործիք դիտարկվում էր ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանման դադարեցումը, որի հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
G7-ի համաձայնությունից առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստ է ՄԷԳ-ի շրջանակում համատեղ գործողությունների և կտրականապես դեմ է դիզելային վառելիքի արտահանման արգելքին։
Վառելիքի գները վերջին շաբաթներին կրկին զգալիորեն աճել են՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին։ Սա լրացուցիչ ճնշում է գործադրել ԱՄՆ-ի ներքին քաղաքականության վրա՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ։