Թուրքիայում ծավալվող ֆինանսական խոշոր սկանդալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայայի հրաժարականից հետո, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել իշխող ուժի միասնությունը պաշտպանող հայտարարություններով։ Ստամբուլում AKP-ի միջոցառման ժամանակ նա պնդել է, թե կուսակցությունը մնում է անսասան, իսկ տեղի ունեցածը որակել է որպես ընդդիմադիր ուժերի «անբարոյական հարձակումների» արդյունք։
Քաղաքական լարվածության նոր ալիքը բարձրացել էր սեպտեմբերի 26-ին, երբ AKP փոխնախագահ Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայան ստիպված եղավ հրաժարական տալ։ Նա և նրա ամուսինը՝ Իլյաս Կայան, մեղադրվում են ֆինանսական շուկաներում տեղի ունեցած ցնցումներից անմիջապես առաջ «Özata Denizcilik» ընկերության բաժնետոմսերի կասկածելի գործարքներով ահռելի շահույթներ ստանալու մեջ։ Ընդդիմության փոխանցմամբ՝ զույգը կարճ ժամանակահատվածում մոտ 2.2 միլիարդ թուրքական լիրայի շահույթ է դուրս բերել ֆոնդային շուկայից։
Սկանդալը խորանում է թուրքական ֆինանսական շուկայում տիրող համատարած ճգնաժամի ֆոնին։ Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի Կապիտալի շուկաների նախագահությունը (SPK) որոշում էր կայացրել լուծարել 131 ներդրումային ֆոնդեր, ինչը հարվածել է ավելի քան 455,000 մանր ներդրողների։ Ընդդիմադիր գործիչները Էրդողանի վարչակազմից պահանջում են ապօրինի ճանապարհով ստացված միջոցների բռնագանձում և քրեական պատասխանատվություն։
Էրդողանը, սակայն, իր ելույթում կոչ է արել կողմնակիցներին անտեսել մեղադրանքները՝ պնդելով, թե առանձին դեպքերը չպետք է ստվերեն միլիոնավոր աջակիցներ ունեցող շարժումը։ Նա նաև վստահեցրել է, որ AKP-ն և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) կշարունակեն պահպանել իշխանությունը առաջիկա տասնամյակներում։