Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ջանքերը դիվանագիտական արգելքների են բախվել։ Politico պարբերականը, հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, տեղեկացրել է, որ Ֆրանսիան խոչընդոտել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատմանը։ Ի պատասխան՝ Թուրքիան ևս չի թույլատրել Հայաստանի հետ նույնատիպ փաստաթղթի հաստատումը, գրում է Ermenihaber-ը:
Փարիզն իր կիրառած վետոն հիմնավորել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու կալանքի տակ գտնվելու հանգամանքով։ Բաքվի հետ համերաշխություն ցուցաբերելով՝ Անկարան իր հերթին արգելափակել է Հայաստանի հետ փաստաթղթի ընդունումը՝ պայման դնելով, որ երկու երկրների գործընկերության ծրագրերը (ITPP) հաստատվեն միայն միաժամանակ։
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան Politico-ի հետ զրույցում հերքել է այն պնդումը, թե ստեղծված իրավիճակը Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան հակամարտություն է։ Նա շեշտել է, որ Անկարան երկար ժամանակ պատրաստ է եղել երկու փաստաթղթերը միաժամանակ վավերացնելուն և դեմ է արտահայտվել դրանց տարանջատմանը։
Վերջին օրերին, այնուամենայնիվ, դրությունը փոխվել է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատ է արձակել մի շարք կալանավորների, որոնց թվում եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացին։ Այդ հանգամանքն ուժեղացրել է Փարիզի նկատմամբ ճնշումը՝ վետոն վերացնելու նպատակով։
ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից արգելքը չվերացնելու դեպքում այդ քայլը չի ընկալվի որպես ողջամիտ կամ դաշնակիցների շահերից բխող գործողություն։ Մեկ այլ դիվանագետ ևս մատնանշել է դաշինքի ներսում առկա դժգոհությունը՝ հորդորելով ՆԱՏՕ-ն չդարձնել երկկողմ խնդիրների կարգավորման գործիք։