Մայր Աթոռում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոց

Հոկտեմբերի 2-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց հայրապետի նախաձեռնությամբ ստեղծված արհեստանոցն անհրաժեշտ սարքավորումներով համալրվել է Ճապոնիայի կառավարության մշակութային Grassroots դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։

Բացման հանդիսությանը մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Հայաստանի թանգարանների ներկայացուցիչներ, վերականգնման ոլորտի մասնագետներ, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան պաշտոնյաներ և ճապոնագետներ։

Միջոցառման մասնակիցներին Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքի խոսքն է փոխանցել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Բացման խոսքում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է նոր արհեստանոցի գործունեությանը և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը տրամադրած աջակցության համար։

Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն իր հերթին գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ տրամադրված սարքավորումները կօգտագործվեն թանգարանային նմուշների վերականգնման ու պահպանման աշխատանքներում։

Վազգեն Յակուբյանն անդրադարձել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի միջև ձևավորված բազմամյա համագործակցությանը՝ շեշտելով, որ թանգարաններում պահպանվող արժեքները ժողովրդի ինքնության ու պատմական հիշողության վկաներն են։ Նա կարևորել է արհեստանոցը նորարարական սարքավորումներով համալրելու հանգամանքը, որոնք կնպաստեն այդ արժեքների վերականգնմանն ու անխաթար պահպանությանը։

Նոր արհեստանոցի աշխատանքը հնարավորություն է տալու ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների ցուցադրությունը՝ պահոցներում պահպանվող հոգևոր և մշակութային արժեքները պատշաճ ձևով հանրությանը ներկայացնելով։

Leave a comment