Մելիքյանը՝ Կիպրոսից կրած պարտության մասին․ Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության

Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսի ընթացքում խոսել է Կիպրոսի հավաքականից 0:2 հաշվով կրած պարտության մասին՝ նշելով, որ նշեց, որ թիմն արժանի չէր պարտության, սակայն թույլ տված սխալները վճռորոշ եղան։

«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում։ Ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալը, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը»,- ասել է Մելիքյանը, հայտնում է Auroranews.am-ը:

Նրա խոսքով՝ վնասվածքների պատճառով հավաքականը զգալի կորուստներ ունի։ Ղարիբյանը մեկնարկային կազմում պետք է լիներ, սակայն վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ, իսկ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նաև Բանդիկյանը։

Մելիքյանը նշել է, որ երկրորդ խաղակեսում թիմը մեծ ռիսկերի է դիմել՝ փորձելով փոխել խաղի ընթացքը։

«Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը։ Գոլերը չեղան, պետք է ընդունենք, որ բոլորս մեղավոր ենք։ Պետք է հավաքվել, աշխատել, գտնել լուծումներ ու գնալ առաջ»,- ասել է նա։

Մարզիչը նաև կոչ է արել ֆուտբոլիստներին պարտությունից հետո միմյանց մեջ մեղավորներ չփնտրել։

«Չեմ թողնի մեկ-երկու պարտությունը քանդի մեր թիմը, կոլեկտիվը, որը դժվարությամբ ստացել եմ։ Պետք է միասին լինենք, ընդունենք ու միասին շարժվենք առաջ»,- ասել է Մելիքյանը։

Խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Չեռնոգորիային։

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով խմբի առաջատար Չեռնոգորիային։ Ազգերի լիգայի առաջին երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0), իսկ Չեռնոգորիայի հետ խաղում պարտություն է կրել (2:3)։

Leave a comment