Բաքվում կայացած «Ենի Ազերբայջան» կուսակցության 8-րդ համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի դեմ ուղղված հերթական հայտարարություններով՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն նախկին իշխանություններով։
«Չի կարելի ամբողջ մեղքը գցել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները բոլորն էլ ռազմական հանցագործներ են և պետք է կրեն արժանի պատիժը»,— հայտարարել է Ալիևը։
Միևնույն ժամանակ, նա մեղադրանքներ է հնչեցրել նաև Հայաստանի գործող իշխանությունների հասցեին․ «Հայաստանի ներկայիս իշխանությունները հանդես են եկել մեր դեմ տարածքային պահանջներով, փորձել են վիրավորել ադրբեջանցի ժողովրդին և իրենց անտեղի ու անտակտ հայտարարություններով կպել են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությանը»։
Ալիևի այս հայտարարությունները հերթական անգամ փաստում են, որ Բաքվի վարչակազմը, «խաղաղության» մասին քարոզչական թեզերի քողի տակ, պահպանում է Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման և թշնամանքի գիծը։