Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ «Աղոթքի նախաճաշի» շրջանակում անցկացված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանի և արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներ ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հանդես եկել ելույթով: Նա ընդգծել է, որ իր պատկերացմամբ, սա այնպիսի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատորեն կարող են խոսել ու պատմել Աստծո, սեփական հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։
Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցաբերած աջակցությունը:
«Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»,-ասել է նա:
Երկրի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականի փետրվարին Միացյալ Նահանգներ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին իր մասնակցությանը, ինչպես նաև Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ տեղի ունեցած չպլանավորված հանդիպմանը։ Վարչապետի փոխանցմամբ՝ այդ հանդիպման ժամանակ ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե տարածաշրջանում խաղաղության հաստատումը որքանով է իրատեսական։ Նա պատասխանել է, որ չի կարող գնահատել դրա իրատեսական լինելու աստիճանը, սակայն կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ փորձություններն ու դժվարությունները ծանր լինեն, հուսահատվել պետք չէ, քանի որ հուսահատությունը նշանակում է չհավատալ Աստծուն, իսկ Աստծուն հավատալը նշանակում է չհուսահատվել։ Վարչապետի խոսքով՝ դժվարությունները նա կարողացել է հաղթահարել մեկ պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթն ամփոփել է 29-րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։
Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցել և ելույթներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, ինչպես նաև «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը։ Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը։
Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Այն նաև հարթակ է ծառայել քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական տարբեր շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության ու համագործակցության համար։