Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հետևողական արշավի և հակաեկեղեցական հռետորաբանության ֆոնին, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Կառավարության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել տեղական և արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի օրհնությամբ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարության պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, ինչպես նաև «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ նախագահ Ստեփան Սարգսյանը:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո և իրենց հոգևոր ընկալումների մասին։ Նա վերհիշել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցը, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությունը և Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպումը։ Ըստ Փաշինյանի՝ ամերիկացի գործընկերների այն հարցին, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինքը պատասխանել է, որ հավատում է խաղաղությանը։ Նա նաև հատուկ ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը խաղաղության գործընթացում։
Ելույթի ավարտին Փաշինյանը, հակասելով սեփական իշխանության գործնական քայլերին, հոգևոր ձևակերպումներ է տվել քաղաքական իրողություններին՝ պնդելով, թե չպետք է հուսահատվել, քանի որ «հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել», իսկ խոսքն ամփոփել է 29-րդ Սաղմոսով (Շնորհակալության աղոթք)։