Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը

Քաղաքականություն

02.10.2026 | 22:07

Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության կանոնադրությունը նախատեսում է քաղաքական այս ուժի նախագահի պաշտոնավարման հնգամյա ժամկետի վերացում։ Այս փոփոխությունը նշանակում է, որ Իլհամ Ալիևի՝ որպես կուսակցության նախագահի պաշտոնավարումն այլևս չի սահմանափակվի որոշակի ժամկետով, այսինքն՝ կլինի անժամկետ։ Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած VIII համագումարում կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է կուսակցության Վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նիզամի Սաֆարովը։

Նա հայտարարել է, որ ներկայում գործող կանոնադրության համաձայն՝ կուսակցության նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարի է։ Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կուսակցության նախագահը կարող է վերընտրվել համագումարի կողմից։

Նիզամի Սաֆարովը նշել է, որ այս դրույթը հանվել է։

«Այն, որ նախագահ Իլհամ Ալիևն անժամկետ կղեկավարի կազմակերպված ուժ հանդիսացող կուսակցությունը, մեզ կտանի նոր հաջողությունների և հաղթանակների»,- հայտարարել է նա։

Իլհամ Ալիևն Ադրբեջանի իշխող ուժը ղեկավարում է 2005 թվականից։ Նա իր գործունեությունը կուսակցության ղեկավարությունում սկսել է ավելի վաղ. 1999 թվականին I համագումարում ընտրվել է փոխնախագահ, իսկ 2001 թվականի նոյեմբերի 21-ին կայացած II համագումարում՝ նորաստեղծ կուսակցության առաջին փոխնախագահ։

2003 թվականի հոկտեմբերին Իլհամ Ալիևն ընտրվել է Ադրբեջանի նախագահ։ 2005 թվականի մարտի 26-ին կայացած կուսակցության III համագումարում նա ընտրվել է կուսակցության նախագահ։ Մինչ այդ, կուսակցության 1992 թվականին հիմնադրվելուց ի վեր, այն գլխավորում էր դրա հիմնադիր Հեյդար Ալիևը: Հաջորդող IV, V, VI և VII համագումարներում Իլհամ Ալիևը վերընտրվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment