Կան փակ տեղեկություններ, որոնք կարող են դրվել իր առաջ, և եկեղեցու փաստացի պետը կամավոր կամ ստիպված հրաժարական կտա. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բարեփոխումների իրագործմանը դիմադրություն կա Հայ առաքելական եկեղեցին զավթած կլանի կողմից: Մի կլան, որը եկեղեցին գործիքայնացրել է ու միջոց է դարձրել քաղաքական շահերի սպասարկման համար: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու ներսում առկա ճգնաժամի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցին և բարեփոխումների խնդրին:
Գևորգ սրբազանի խոսքով՝ եկեղեցու նման գործելաոճը պահպանվում է իր ներսում հարկադիր գործիքների կիրառմամբ:
«Օգտվելով առիթից, որ մյուս հոգևորականները հնազանդության ուխտ ունեն, այդ մարդկանց օգտագործում են մինչև վերջ, առանց խղճի խայթի: Ես հասկանում եմ, որ որոշ հոգևորականներ շատ ծանր հարկադրանքի տակ են: Հարկադրանքի տակ է նաև այսօրվա եկեղեցու փաստացի պետի ու իր եղբոր ղեկավարած խմբակը, և այնքան ուժեղ հարկադրանքի տակ են, որ չեն կարող ասել` ոչ»,-ասաց Սրբազանը:
Ըստ նրա` Կաթողիկոս Գարեգին Բ-ն բավականին զգուշավոր է եղել Հայաստանի նախկին ղեկավարության ու կառավարության ներկայացուցիչների հետ, իսկ այսօր՝ ոչ:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է հիմա հրապարակվել Հայ առաքելական եկեղեցու ներսում ճգնաժամի վերաբերյալ նման ծավալուն զեկույցը, Սրբազանը ասաց. «Բարենորոգության շարժումը ունի իր օրակարգը, և կհիշեք հունվարի 5-ին 10 եպիսկոպոսներ վարչապետի հետ ստորագրեցին այդ փաստաթուղթը: Դրա առաջին կետը վերաբերվում էր իրազեկմանը: Պիտի ասեմ, որ իրականացվել է այդ իրազեկումը և մեր բնակչության 100 տոկոսը տեղեկացված է: Եթե կա ինչ-որ չնչին տոկոս, որ շարունակում է պաշտպանել այսօրվա եկեղեցու փաստացի պետին, ապա այդ պաշտպանությունը պայմանավորված է անձնական շահերով կամ օտար երկրի շահերով, այսինքն ծառայություն են մատուցում այլ երկրներին: Հայ մարդու համար ամեն ինչ պարզ է և այլ բացատրություն չկա»:
Սրբազանի գնահատմամբ՝ եկեղեցու վերաբերյալ քննարկումներն ու այսպես կոչված «եկեղեցու պաշտպանության» թեման այսօր դարձել է այն առանցքը, որի շուրջ Հայաստանի ներսում որոշ ընդդիմադիր շրջանակներ ու կուսակցություններ փորձում են օրակարգ ձևավորել:
«Եկեղեցին պաշտպանության կարիք չունի: Եկեղեցին իրական պաշտպանները նրանք են, ովքեր բարենորոգության շարժում են նախաձեռնել»,-ասաց Գևորգ Սրբազանը՝ ընդգծելով, որ շարժման կողմնակիցները ոչ միայն հասկանում են որ եկեղեցին չի կարող պետականության դեմ օգտագործվել, որը հակասում է եկեղեցու պատմական առաքելությանը, այլ նաև որ եկեղեցին միշտ հանուն պետականության է գործել:
Հիշեցնելով, որ Կիլիկայում հայկական թագավորության անկումից և 1441 թվականին կաթողիկոսական աթոռը էջմիածին տեղափոխելուց հետո եկեղեցու առաջնային նպատակներից մեկը եղել է հայկական պետականության վերականգնումը Գևորգ Սրբազանը նշեց. «Մեր կաթողիկոսները անգամ օտար լծի տակ են գործել հանուն վաղվա պետականության, բայց մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի անկախության պայմաններում եկեղեցու փաստացի պետը եկեղեցին ծառայեցնում է ինչ-որ անձերի, քաղաքական առաջնորդների, ընդդիմադիր կուսակցությունների ու օտար երկրների շահերին: Եկեղեցին երբեք չի գործել պետականության դեմ, ընդհակառակը, երբ նայում ենք պատմությանը եկեղեցին միշտ Հայոց պետականության կողքին է եղել: Ավելին, չորրորդ դարից սկսած մեր եկեղեցին հավատքն ու հայրենիքը միևնույն հարթության վրա է դրել: Եկեղեցին միշտ պետք է պետականությանն ու պետական օրենքին հնազանդության կոչ անի: Այն ինչ կատարվում է այսօր ուղղակի աննախադեպ է, սրանով փորձ է կատարվում խայտառակ օրինակ ստեղծել: Լինեն ընդդիմություն, թե իշխանություն Հայ առաքելական եկեղեցին պետք է նրանց բոլորին համախմբի Հայոց պետականության շուրջ: Սա է եկեղեցու առաքելությունը: Պետք է հիշենք, որ Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի համատեղ ջանքերով է հիմնադրվել Հայ առաքելական եկեղեցին, սա է օրինակը և հիմքը պետություն-եկեղեցի հարաբերությունների»:
Հոգևորականն ընդգծեց, որ բարենորոգման կարևոր ասպեկտներից մեկը նաև բոլոր այն հոգևորականների պաշտպանությունն է, որոնք չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել:
«Որովհետև հոգևորականների մի շերտ կա, որոնք անընդհատ հիշեցնում են, թե ում համար ինչ են արել, ում ինչպես են օգնել, ում ուր են նշանակել ժամանակին: Սրանք անընդհատ այս սպառնալիքներով են քահանաներին փորձում պահել իրենց կողքին: Ընդ որում այնպիսի քահանաներին, որոնք նույնիսկ նորմալ աշխատավարձ չեն էլ ստանում կամ ընդհանրապես չեն ստանում: Նրանց անընդհատ վախեցնում են կարգալուծություններով: Խախտվել է մեր բոլորիս խղճի ազատությունը, քանի որ կլանի կողմից ղեկավարվող եկեղեցու մեջ հոգևորականը չի կարող ազատորեն իր կարծիքը արտահայտել»,-ասաց Սրբազանը
Ըստ նրա՝ Կաթողիկոսը և իր համախոհները կարծում են, թե եկեղեցին իրենք են, այնինչ բոլոր հավատացյալներն էլ եկեղեցու կյանքին հավասար մասնակցելու իրավունք ունեն: Նրա կարծիքով անիմաստ է նաև որոշ հոգևորականների ու անհատների այն պնդումը, թե կան հարցեր որոնք եկեղեցու ներքին գործերն են:
«Կլանի ներկայացուցիչները իրենք իրենց Քրիստոսի մարմին, այսինքն եկեղեցի են հռչակել: Սա հերձված է: Այն կլանը, որը զավթել է եկեղեցին սրանով տարել է հերձվածության: Այն, որ իրենք դավաճան են ես դրանում կասկած չունեմ: Իրենց հայրենասիրությունը կեղծ հայրենասիրություն է, դրանով մոլորեցնում են հավատացյալներին: Հատկապես Արցախի անունը տալով են մոլորեցնում: Արցախ սիրողը երբեք եկեղեցին չէր պառակտի, էլ չեմ ասի, որ չէր գործի այն մյուս խայտառակությունները, որոնք արձանագրվել են»,-ասաց հոգևորականը։
Սրբազանի խոսքով՝ Բարենորոգման շարժումը նաև սկսվել էր, որպեսզի զեկույցում առկա խնդիրները ջրի երես դուրս չգային և ժողովրդի համար ավելորդ ծանրաբեռնվածություն ու հիասթափություն չլիներ: Ըստ նրա՝ շարժումը սկսվել էր, որպեսզի Կաթողիկոսը սթափվի, ինչը ըստ էության եղել է ամենամեծ օգնության ձեռքը, որն իրեն մեկնվել է: «Բայց ինքը չունի ոչ այդ ուժը, ոչ կամքը, ոչ էլ սերը եկեղեցու հանդեպ»,-ասաց Գևորգ Սրբազանը:
Նա նշեց, որ իր գնահատմամաբ, Գարեգին Բ-ի կողմից եկեցեցու ղեկավարումը և պահպանվող ներքին իրավիճակի շարունակությունը սպառնալիք է պետականության համար:
«ԱԺ ընտրությունների ժամանակ, ես համոզվեցի, որ պետականությունը զավթելու փորձ է կատարվում: Մեր պետության վրա եղած ճնշումները միայն բավարար էին, այդ հիբրիդային պատերազմի գործիքակազմը բավարար էր նման պատկերացում ունենալու համար, որտեղ առանցքային դեր ուներ եկեղեցին: Հավատացեք, եթե այս շարժումը չսկսվեր հոգևորականներ ստիպված էին լինելու գնալ մարդկանց համոզելու, որ իրենց ձայնը տային նրանց ում աջակցում էր եկեղեցու փաստացի պետը՝ ընդդիմությանը: Այսինքն խայտառակություն էր լինելու և լինելու էր 1700 ամյա հայ եկեղեցու հեղինակության վախճանը»,-ասաց հոգևորականը:
Սրբազանը բացատրեց, որ 27 տարի եկեղեցին կանոնական դաշտից դուրս է բերված եղել, և անգամ Գարեգին Բ-ին որպես կաթողիկոս ընտրելու ժամանակ են կանոնական դրույթները խախտվել: Հոգևորականը նշեց, որ Ազգային եկեղեցիական ժողով պետք է գումարվի յուրաքանչյուր 7 տարին մեկ, սակայն դա ոչ մի անգամ չի արվել և դրա փոխարեն կեղծ հիմքերով ժողովներ են գումարվել՝ «Եկեղեցական-ներկայացուցչական ժողով» անունով, որը չի եղել Հայ առաքելական եկեղեցու պրակտիկայում: Նա ընդգծեց, որ այս ժողովի ընդունած որևէ փաստաթուղթ վավերական չէ, մինչև Ազգային եկեղեցական ժողով չհրավիրվի:
Գևորգ Սրբազանի խոսքով՝ Կաթողիկոսի հեռացման համար կան բավարար պատճառներ և այն կյանքի կոչելու համար կարող են գործադրվել տարբեր մեխանիզմներ՝ կանոնականից մինչև իրավական:
«Կամ եկեղեցու փաստացի պետը ճնշումների և վարքաբեկիչ նյութերի ազդեցության տակ է և ի վիճակի չէ հրաժարական տալ, կամ ինքը հասկանալով հանդերձ, որ բացի եկեղեցու ներսում ճգնաժամի վերաբերյալ զեկույցից կարող է լինել նաև փակ տեղեկություն, որը կարող է հրապարակվել և նրա առաջ դրվել, ստիպված կլինի գնալ նմանք քայլի: Օրինակ հայտնի փաստ է, որ դեռ 1975-ից Գերմանիայում ուսանող և հոգևոր հովիվ եղած ժամանակ արտաքսել են, կարծում եմ այս բառի տակ արդեն մի ամբողջ փաթեթ քրեական գործ կարող է ներառվել։ Որ ասում են ինքը Աստծո հետ կապ չունի դա շատ մեղմ է ասված: «Ինձանից հետո, թեկուզ ջրհեղեղ», այս հոգեբանությամբ է նա առաջնորդվում: Վերջիվերջո բազմաթիվ մեղադրանքներ կային, մանկապղծության դեպքերի մասին հրապարակումներ կային, թող մի տողով գոնե հերքեր»:
Գևորգ Սրբազանի կարծիքով ցանկացած հայ քրիստոնյա կարող է դատի տալ Կաթողիկոսին, քանի որ ակնհայտորեն խախտվել է Հայ առաքելական եկեղեցու կանոնը՝ որով դեռ հինգերորդ դարի ժողովներով արգելվում էր մերձավորների հետ ամուսնությունն ու սեռական հարաբերությունները, ինչպես նաև կարգալույծ էր հռչակում բոլոր այն հոգևորականներին, ովքեր կթաքցնեին նման սրբապղծությունը:
Նրա խոսքով՝ պետք չէ կարծել, թե Բարենորոգության շարժումը սահմանափակվում է միայն կաթողիկոսի հեռացման պահանջով կամ դրան ձգտելով:
«Պետք է հասկանալ, որ կարևոր մասերը դեռ առջևում են, եկեղեցու այսօրվա պետն ու իր կլանը խոչընդոտ են բարենորոգության համար, որովհետև գործակալներ են իրենք, բայց երբ որ կհեռացվի հաջորդ քայլը կլինի բուն բարենորոգության գործընթացը»։
Անդրադառնալով հարցին, թե բարենորոգման շարժման հաղթանակի դեպքում ինչպես պետք է ստուգել հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտի խախտման դեպք եղե՞լ է, թե ո՞չ, սրբազանը նշեց. «Կարծում եմ պետք է ձևավորվեն ներքին պատասխանատու մարմիններ, դրանց կողմից գումարվեն ժողովներ, որին կմասնակցեն նաև աշխարհականներ՝ մտավորականներ, արվեստի գործիչներ, ուսուցիչներ և այլն, նրանց կողմից պետք է խնդիրը ուսումնասիրվի ու տարբերակներ գտնվի: Իմ կարծիքով մենք կարող ենք վերադառնալ մեր հին ավանդությանը, երբ որ հոգևոր աճի համար պարտադիր չէր աստիճանակարգում, նկատի ունեմ պարտադիր չէր կուսակրոնությունը: Նրանք ովքեր ուզում են կուսակրոն տարբերակով ծառայել, կարող են շարունակել այդպես, իսկ նրանք ովքեր ցանկություն ունեն ընտանիք ունենալու, թող ունենան, սակայն համակարգը, թող չպարտադրի»:
Գևորգ Սրբազանի խոսքով կուսակրոնության ուխտի հետ կապված խնդիրը վերաբերում է և՛ հոգևորականի անձնական պատասխանատվության դաշտին, և՛ եկեղեցական համակարգին:
«Համակարգը մի տեսակ սահմանափակում է, բոլոր այն արժանավոր քահանաներին, ովքեր կարող են եպիսկոպոսներ դառնալ: Եպիսկոպոս պետք է դառնան ըստ արժանիքի և ոչ թե կուսակրոնության հանգամանքով, որ մի բան էլ հանկարծ պարզվի, որ խախտվել է ուխտը, և անգամ իրենք չեն չեն գրել իրենց վարդապետական կոչման համար անհրաժեշտ աշխատությունը, քանի որ մինչ եպիսկոպոս դառնալը աբեղաներին նախ վարդապետի հոգևորական աստիճան է շնորհվում»,-ասաց Սրբազանը՝ նշելով, որ իր գնահատմամբ խնդիրը համակարգային է, և այն հենց փոխելու անհրաժեշտություն ունի: